Ինչպես Վիվարոյի Վիգենը խաբեց Փաշինյանին


Ինչպես Վիվարոյի Վիգենը խաբեց Փաշինյանին
Ապրիլ 15 21:09 2023

Օրեր առաջ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ԱԺ-ում նկատեց, որ վերջին 4 տարում խորհրդարանի յուրաքանչյուր որոշում այս կամ այն կերպ վատացրել է հայաստանյան մեդիաների ֆինանսական դրությունը ու հանգեցրել ողբալի հետևանքների: Հակոբյանը խոսեց նաև մոլախաղերի գովազդն արգելելու մասին, որի պատճառով հեռուստաալիքները միայն անցած տարի կորցրել են մոտ 1 մլրդ դրամ:
«Փաստ» թերթը նկատում է, որ մոլախաղային կազմակերպությունների «շարժը» ոչ միայն չի նվազել այս օրենքից հետո, այլև ավելացել է լուրջ չափերով, մինչդեռ ԶԼՄ-ները միայն կորուստներ են ունեցել: «Փաստը» նաև հարց է տալիս՝ ի վերջո, այդ արգելքի ընդունման նպատակը ո՞րն էր. հեռարձակողներին ու ընդհանրապես ԶԼՄ-ներին ֆինանսապես խեղճացնե՞լը, թե՞ մոլեխաղերի դեմ պայքարը:
Եթե իշխանությունն իրեն նույնպես այս հարցը տալիս է ու զարմանում, որ իր ազնիվ մղումն այս հետևանքներն ունեցավ ու չի հասկանում ինչպես դա եղավ, կարող եմ պարզաբանել ու մի քանի պարզ հուշում տալ:
Բանը նրանում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից շատ սիրված գործարար Վիգեն Բադալյանը ամեն օր նոր տարբերակ է գտնում Փաշինյանի հավանությանն արժանացած տոտալիզատորների արգելքի օրենքը շրջանցելու համար:
Եթե սկզբում Բադալյանը Vivaro տոտալիզատորին կից բացեց բավական իներտ անունով V media և գունավորեց նույն գույներով ինչ Vivaro տոտալիզատորն էր, ապա հիմա նրա մեդիա ալիքները կրում են Vivaro sport, Vivaro arena և Vivaro sport+ անունները ու գովազդվում են այն մեդիաներում, որոնք Վիգենը և իր ընկեր Ալեն Սիմոնյանը համարում են յուրային:
Մասնավորապես այսօր կարելի է տեսնել Vivaro sport-ի բացահայտ գովազդ Ալեն Սիմոնյանի մտերիմների ու բարեկամների կայքերում: Նկատեմ, որ դրանք գրեթե նույն այն գովազդներն են, որոնք արգելվեցին ամիսներ առաջ: Գրեթե նույն տեսքով: Միայն Vivaro բառի փոխարեն գրված է Vivaro sport: Գունավորումը, դիզայնը… ամեն ինչ նույնն է:
Հիշեցնեմ, որ օրենքի ընդունումից ամիսներ առաջ մամուլում տարածվեցին լուրեր, որ Վիվառոյի Վիգենը 200 000֊ական դոլար է տվել Ալեն Սիմոնյանին և Բաբկեն Թունյանին ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդն արգելող օրենքն անցկացնելու համար: Այդ ժամանակ գրվեց, որ Վիվառոյի Վիգենին արդեն հաջողվել է մենաշնորհ հաստատել ոլորտում ու գովազդի արգելք մտցնելով՝ փորձում է մյուս ընկերություններին առհասարակ դուրս մղել շուկայից։
Այդ ժամանակ Ալեն Սիմոնյանին ու Թունյանին հաջողվեց Փաշինյանին համոզել, որ այդ օրենքը միտված է ծառայել բնակչության բարեկեցությանը ու որ դրանից հետո մարդիկ կսկսեն ավելի քիչ խաղալ: Ու չնայած մասնագետները ասում էին, որ օրենքը թերի է, մեկ է սույն պատգամավորները կարողացան Փաշինյանին համոզել: Թունյանն ու Սիմոնյանը աշխատեցին իրենց գումարները, Վիվարոյի մրցակիցները լռեցին, իսկ Վիգենը հիմա ազատորեն գովազդում է նյույն Vivaro-ն, բայց կողքը գրում է սպորտ բառը՝ զուգահեռաբար հովանավորելով իրենց հարմար մեդիաներին, որոնք ցոփ ու շվայտ կյանք են վարում ու պարզապես հեղեղված են Vivaro-ի գովազդով:
Այսպիսով եթե Փաշինյանը զարմացած է ինչու այսպես եղավ, բացատրում եմ՝ Ձեզ պրն Փաշինյան պարզապես խաբել են: