Կադիրովն անդրադարձել է անբուժելի հիվանդության մասին լուրերին


Կադիրովն անդրադարձել է անբուժելի հիվանդության մասին լուրերին
Մարտ 15 22:08 2023

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը  Telegram-ում հերքել է անբուժելի հիվանդության մասին լուրերը։ Նա ընդգծել է, որ առողջ է ու լի էներգիայով։

 

 

Կադիրովը հեգնանքով նշել է, որ ափսոսանքով է վշտացնում նրանց, ովքեր հույս ունեին, որ իր հիվանդության մասին տեղեկությունը ճիշտ է։ Նա ընդգծել է, որ ինչպես նախկինում, զբաղվում է սպորտով, գնում է սարեր, ինչպես նաև լուծում է Չեչնիայի զարգացման հետ կապված կարևոր հարցեր։

 

Բացի այդ, հանրապետության ղեկավարը բացատրել է, որ իր ձեռքին էլեկտրոնային աղոթքի հաշվիչ է եղել, այլ ոչ թե բժշկական սարք։ Դրա օգնությամբ Կադիրովը տեսնում է, թե քանի անգամ է սալավաթ կարդացել։

 

 

Մինչ այդ որոշ Telegram-ի ալիքներում տեղեկություն էր տարածվել, թե իբր Կադիրովը երիկամների հետ կապված խնդիրներ ունի։ Այս վարկածի օգտին բերվել էին տվյալներ, որ փետրվարին Չեչնիայի ղեկավարը բաց է թողել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում Դաշնային ժողովին ուղղված ուղերձը։ Այլ ալիքներ, խոսելով հնարավոր հիվանդության մասին, ուշադրություն էին հրավիրել այն փաստի վրա, որ Կադիրովը գիրացել է։