Իսրայելն Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք է վաճառում, իսկ դրա դիմաց Ադրբեջանն Իսրայելին մատակարարում է նավթ և նաև հասանելիություն դեպի Իրան․ Haaretz


Իսրայելն Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք է վաճառում, իսկ դրա դիմաց Ադրբեջանն Իսրայելին մատակարարում է նավթ և նաև հասանելիություն դեպի Իրան․ Haaretz
Մարտ 6 15:54 2023

Անցած հինգշաբթի ադրբեջանական բեռնատար ինքնաթիռը վայրէջք է կատարել իսրայելական օդուժի՝ Էյլաթից հյուսիս գտնվող Օվդա ավիաբազայում։ Երկու ժամ մնալուց հետո, ինչպես միշտ, հին «Իլյուշին-76» ինքնաթիռը օդ է բարձրացել՝ վերադառնալով Բաքու. իսրայելական Haaretz պարբերականի հետաքննությունը, որը հիմնված է հանրությանը հասանելի ավիացիոն տվյալների վրա, ցույց է տալիս, որ վերջին յոթ տարվա ընթացքում ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության կողմից իրականացված 92 բեռնատար չվերթ վայրէջք է կատարել Օվդա ավիաբազայում՝ Իսրայելի միակ օդանավակայանում, որտեղով հնարավոր է երկիր մտցնել և այնտեղից դուրս բերել պայթուցիկներ։

Պարբերականը հիշեցնում է, որ վերջին երկու տասնամյակում Իսրայելը ռազմակավարական դաշինքի մեջ է Ադրբեջանի հետ. Իսրայելն Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք է վաճառում, իսկ դրա դիմաց Ադրբեջանը, ըստ աղբյուրների, Իսրայելին մատակարարում է նավթ և նաև հասանելիություն դեպի Իրան:

Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք Haaretz-ի հոդվածը.

«Ըստ արտասահմանյան ԶԼՄ-ների՝ Ադրբեջանը թույլ է տվել Մոսադին (Իսրայելի Հետախուզության և հատուկ առաջադրանքների վարչություն) ստեղծել առաջնային մասնաճյուղ՝ վերահսկելու, թե ինչ է կատարվում Իրանում և նույնիսկ օդանավակայան է պատրաստել, որը նախատեսված է Իսրայելին օգնելու համար, եթե նա որոշի հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Երկու տարի առաջվա տեղեկություններում ասվում էր, որ Մոսադի գործակալները, որոնք գողացել են Իրանի միջուկային արխիվը, այն մաքսանենգ ճանապարհով Իսրայել են տեղափոխել հենց Ադրբեջանի տարածքով: Այն փաստը, որ երկու երկրներն էլ Իրանը տեսնում են որպես ուղղակի սպառնալիք, միայն ամրապնդել է նրանց հարաբերությունները:

Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ տարիների ընթացքում Իսրայելը Բաքվին վաճառել է ամենաառաջադեմ սպառազինության համակարգերը՝ բալիստիկ հրթիռներ, հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի համակարգեր, կամիկաձե անօդաչու սարքեր և այլն։

Ադրբեջանական Silk Way-ն Ասիայի խոշորագույն բեռնափոխադրումների ավիաընկերություններից է և, ըստ պաշտոնական փաստաթղթերի, ծառայում է որպես ենթակապալառու աշխարհի տարբեր պաշտպանության նախարարությունների համար: Ընկերությունը Boeing 747 բեռնատար ինքնաթիռներով շաբաթական երեք չվերթ է իրականացնում Բաքվի և Իսրայելի Բեն-Գուրիոն միջազգային օդանավակայանի միջև, իսկ անցյալ տարի այն Բեն-Գուրիոնում երրորդ էր՝ որպես ամենամեծ ծավալով բեռնափոխադրումներ իրականացրած արտասահմանյան ավիաընկերություն:

flight routes

Բայց այստեղ առաջին անգամ բացահայտված թվերը ցույց են տալիս, որ 2016 թվականից ի վեր ընկերության ԻԼ 76 ինքնաթիռներն առնվազն 92 անգամ վայրէջք են կատարել Օվդա օդանավակայանում, որը քաղաքացիական բեռնատար ինքնաթիռների համար անսովոր վայր է: Silk Way-ն այն շատ քիչ ավիաընկերություններից մեկն է, որը վայրէջք է կատարում Օվդայում. տարիների ընթացքում միայն մի քանի արևելաեվրոպական ավիաընկերություններ, որոնք պայթուցիկներ են տեղափոխել, վայրէջք են կատարել և օդ բարձրացել այնտեղից: Silk Way-ը 2018-ին չեխական լրատվամիջոցների հետաքննական զեկույցի կենտրոնում էր. զեկույցում ասվում էր, որ Ադրբեջանին վաճառելու համար արգելված զենքերն այնտեղ են բերվել՝ չնայած զենքի էմբարգոյին՝ Իսրայելի միջոցով գործարքի շրջանակում:

Photo by Yarden Antebi @ace_pio

Իսրայելի ավիացիոն օրենքն արգելում է պայթուցիկ նյութերի սովորական տեղափոխումը Բեն-Գուրիոն օդանավակայանից, քանի որ այն գտնվում է խիտ բնակեցված տարածքի կենտրոնում, պատմել են ավիացիոն ոլորտի աղբյուրները։ Միակ օդանավակայանը, որտեղից թույլատրվում է պայթուցիկ ներկրել և արտահանել, Օվդայում գտնվող Իսրայելի ռազմաօդային ուժերի ավիաբազան է, հավելել են աղբյուրները։ 2013 թվականի հոկտեմբերին Իսրայելի Քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Գիորա Ռոմը ստորագրել է բացառություն, որը թույլ է տալիս Silk Way ինքնաթիռներին Օվդայից Բաքու տանել պայթուցիկ նյութեր, որոնք «դասակարգվում են որպես թռիչքով տեղափոխման համար արգելված վտանգավոր նյութեր»: Այս բացառությունը, որն այն ժամանակ տեղադրվել էր Քաղաքացիական ավիացիայի վարչության կայքում, պահանջում է անվտանգության խիստ պայմանների պահպանում և ներառում է ադրբեջանական ինքնաթիռների ցանկը, որում նշվածներին է միայն թույլատրված Օվդայից Ադրբեջան տեղափոխել պայթուցիկ նյութեր: