Ես և կինս մտքերով և հատուկ աղոթքներով տուժածների հետ ենք. Մեծ Բրիտանիայի թագավորը ցավակցել է Էրդողանին


Ես և կինս մտքերով և հատուկ աղոթքներով տուժածների հետ ենք. Մեծ Բրիտանիայի թագավորը ցավակցել է Էրդողանին
Փետրվար 8 12:25 2023

Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ Երրորդը ցավակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Նա նշել է, որ
«մտքերով և հատուկ աղոթքներով» երկրաշարժի ողբերգական աղետից տուժածների հետ է, գրում է Daily Mail-ը:

Էրդողանին ուղղված ուղերձում թագավորն ասել է, որ «խորապես վշտացած է»:

«Ես և կինս սարսափելի ցնցված ենք և խորապես տխուր՝ Թուրքիայի հարավ-արևելքում ավերիչ երկրաշարժերի լուրից», - ասել է Նորին Մեծությունը:

 

«Ես կարող եմ միայն պատկերացնել այս սարսափելի ողբերգությունների հետևանքով տառապանքների և կորստի մասշտաբները: Առանձնահատուկ ցանկանում են մեր խորին և սրտանց ցավակցությունը հայտնել բոլոր նրանց ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին», - ասվում է միապետի ցավակցական խոսքում:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավում երկուշաբթի տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6234-ի:

Թուրքիայի վարչապետ Ֆուաթ Օքթայը հայտնել է երկրաշարժի հետևանքով 34 810 վիրավորի մասին: Փլուզվել է 5775 շենք, 8000-ից ավելի մարդ փրկվել է փլատակներից:

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախագահությունից հայտնել են, որ երկրաշարժից տուժած շրջաններում աշխատում է 60 218 մարդ, այդ թվում՝ 3200 փրկարար աշխարհի 65 երկրներից:

Թուրքիայում հետաձգվել են բոլոր սպորտային միջոցառումները: Ամբողջ երկրում դպրոցները փակ կլինեն մինչև փետրվարի 13-ը, իսկ տուժած 10 շրջաններում՝ մինչև փետրվարի 20-ը:

7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը մեծ ավերածություններ է արել նաև Սիրիայում: Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է 1250 զոհի և 2054 վիրավորի մասին:

Իր հերթին «Սպիտակ սաղավարտներ» խմբավորումը, որը պաշտոնապես հայտնի է որպես «Սիրիայի քաղաքացիական պաշտպանություն» և գործում է Սիրիայի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, հայտարարել է 1220-ից ավելի զոհի և ավելի քան 2600 վիրավորի մասին: Խմբավորումը Twitter-ի իր էջում նշել է, որ այս թիվը զգալիորեն կաճի, քանի որ հարյուրավոր ընտանիքներ դեռ մնում են փլատակներում: