Ռուսաստանը ռազմական պաշարներ է ծախսում, դրանք մեծ թվեր են, բայց ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի հետ տարբերությունը հսկայական է, Կիեւի ռազմական պաշարները շուտով կսպառվեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ես հիմա թվեր չեմ նշի, թե օրական քանի արկ ենք ծախսում։ Սրանք մեծ թվեր են։ Օրինակ, ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրը ամբողջությամբ չի զրոյացել, բայց սրընթաց ընթանում է այդ ուղղությամբ։ Սեփական բազա շուտով չի մնա»,-ասել է նա։
Նա հավելել է, որ Ռուսաստանի մոտ այդ բազան «միայն աճում է», ընդ որում, այն կավելացվի, բայց ոչ ի վնաս տնտեսության մյուս ճյուղերի։
Պուտինը հավելել է, որ ի տարբերություն Ուկրաինայի՝ Ռուսաստանը վերջին տասնամյակների ընթացքում զարգացրել է պաշտպանական արդյունաբերությունը, ռազմական գիտությունն ու տեխնոլոգիաները։
Նրա խոսքով՝ Ուկրաինա Patriot զենիթահրթիռային համալիրների մատակարարումները ձգձգում են հակամարտությունը։ «Նրանք, ովքեր մեզ դիմակայում են, ելնում են նրանից, որ դա, իբր, պաշտպանական զենք է։ Դա պարզապես հակամարտության ձգձգում է, ահա եւ վերջ»,-ասել է Պուտինը։
«Դա բավական հին համակարգ է։ Այն չի աշխատում այնպես, ինչպես, ասենք, մեր Ս-300-ը։ Այնուամենայնիվ, նրանք, ովքեր դիմակայում են մեզ, ելնում են նրանից, որ դա, իբր, պաշտպանական զենք է։ Դե լավ, մենք պարզապես դա նկատի կունենանք: Եվ հակաթույն միշտ կգտնվի»,-հավելել է նա։










