34-ամյա պայմանագրայինը մեկ տարի է անհետ կորել է․ ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում


34-ամյա պայմանագրայինը մեկ տարի է անհետ կորել է․ ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում
Հոկտեմբեր 23 22:36 2022

Մեկ ամսից կլրանա մեկ տարին, ինչ պայմնագրային զինծառայող  Վահե Մանուկյանը դիրքերից անհետացել է։  Վահե Մանուկյանը ծնունդով Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնքից է, աշխատում է Պաշտպանության նախարության ենթակա զորամասերից մեկում՝ պայմանագրային զինծառայող։ 2021 թվականի նոյեմբերի 12-ին խաղաղ պայմանններում, 34-ամյա Վահեն ծառայակից ընկերների հետ բարձրացել է Վայքի դիրքերից մեկը ու այդ օրվանից հետո ընտանիքը նրանից որեւէ տեղեկություն չունի։ Մինչ դիրքեր բարձրանալը խոսել է կնոջ հետ, երկու բառ փոխանակել որդիներից մեկի հետ, ու դրանից հետո կապը կորել է, փորձել են հետ զանգել՝ համարն արդեն անհասանելի է եղել։

Կինը՝ Լիաննա Մելիքսեթյանն ասում է հնարավոր բոլոր պետական գերատեսչությունների դռները թակել են, եղել՝ զորամասում, հարցուփորձ արել, որեւէ մեկը չի տեսել ու չի լսել, թե ինչպես ու ինչ հանգամանքներում է անհետացել ամուսինը։ Գիտի միայն, որ այդ հատվածում հայկական դիրքերից շատ քիչ հեռավորության վրա ադրբեջանական զորքերն են տեղակայված։ Պայմանագրային զինծառայողի անհետանալուց հետո հարուցվում է քրեական գործ՝ դասալքության հոդվածով, որն ըստ կնոջ հետագայում հերքվում է։

Անհետացած պայմանագրայինի եղբայրը՝ Հայկ Մանուկյանը ևս աշխատել է ՊՆ-ում, բայց առողջական խնդիրների պատճառով նոր պայմանագիր վերջինի հետ չեն կնքել։ Երեք  օր առաջ է եղել Պաշտպանության նախարարությունում, հանդիպել տեղի պատասխանատուներից մեկի հետ, կոչումն ու անունը չի հիշում, բայց ասել են՝ որոնողական աշխատանքներ չեն իրականացվում։ Ի դեպ ըստ ընտանիքի անդամների Վահեին փնտրել են ընդամենը չորս օր, հետո ասել են ձմեռ է ձյունը կհալի՝ կշարունակեն ու վերջ։

Պայմանագրային զինծառայողի ընտանիքն ապրում է սոցիալական ծանր վիճակում։ Ընտանիքը զրկված է ապրուստի տարրական պայմաններից, նախկինում գոյատևել են Վահեի աշխատավարձով, հիմա նրա երեք անչափահաս երեխաները օրվա հացի խնդիր ունեն։ Գյուղում հիմնական աշխատանք չկա, ոչ Վահեի եղբայրը ոչ էլ կինը չեն աշխատում։

Մանուկյանները չգիտեն ում դիմեն, հստակ տեղեկություններ ընտանիքին որեւէ կառույցից չեն հայտնել։ Վայոց Ձորից Երևան հասնել ամեն օր չեն կարողանում, դրա համար դիմում են պատասխանատուներին օգնել գտնել Վահեին։ Գլաձոր մտնող և հատկապես այս տան մոտակայքով անցնող ցանկացած օտար մեքենայի շարժը փողոց է դուրս հանում 34-ամյա Վահեի երեք փոքրիկներին հորեղբոր երեխաների հետ, հույսով, որ գուցե մեքենան կանգառի իրենց տան բակում։



loading...