Ալիևն ու Ռաիսին թեժ վեճ են ունեցել միմյանց հետ Աստանայում․ անդրադարձել են նաև Հայաստանին


Ալիևն ու Ռաիսին թեժ վեճ են ունեցել միմյանց հետ Աստանայում․ անդրադարձել են նաև Հայաստանին
Հոկտեմբեր 19 13:17 2022

Լիբանանյան kataeb.org պորտալն իր հրապարակման մեջ ներկայացրել է Աստանայում Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հետաքրքիր մանրամասներ։

Այս համատեքստում կայքի աղբյուրը, ով ուղեկցել է Ռաիսիին Ղազախստան կատարած այցի ժամանակ, ասել է, որ Իբրահիմ Ռաիսիի և Իլհամ Ալիևի հանդիպումը բարեկամական մթնոլորտում չի անցել, ավելին՝ երկու ղեկավարների միջև վեճ է եղել։

Վեճը ծագել է այն բանից հետո, երբ Ալիևը քննադատել է իրանական ուժերի կուտակումն Ադրբեջանի հետ սահմանին և այն որակել որպես սպառնալիք Բաքվի անվտանգությանը։

Ալիևը նաև կտրուկ է արձագանքել, երբ Ռաիսին պատասխանել է, թե ուժերը տարածք են ուղարկվել ոչ թե զվարճանքի կամ վարժանքների համար, այլ անվտանգություն և կայունություն հաստատելու, ինչպես նաև ցանկացած ծրագրի դեմ պայքարելու համար, որն ուղղված է Իրանի և Հայաստանի միջև սահմանը փոխելուն կամ կտրելուն։

Ալիևը Ռաիսիին մեղադրել է Ադրբեջանին դիմակայելու համար Հայաստանին զինելու և ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ։ Ռաիսին հերքել է այդ մեղադրանքները՝ իր հերթին Ալիևին մեղադրելով «սիոնիստներին» ենթարկվելու մեջ։ Իրանի նախագահը քննադատել է նաեւ Իսրայելի պաշտպանության նախարարի այցը Բաքու։

Նշվում է նաև, որ իրանցի առաջնորդը ադրբեջանցի գործընկերոջը մեղադրել է Իրանում բողոքի ակցիաների ֆոնին ադրբեջանցի անջատողականներին աջակցելու մեջ։