«18 տարեկան տղան այլեւս ծնողինը չի, այլ հասարակությանը»․ Հովիկ Աղազարյան


«18 տարեկան տղան այլեւս ծնողինը չի, այլ հասարակությանը»․ Հովիկ Աղազարյան
Սեպտեմբեր 21 16:12 2022

«Ես չեմ տեսել, ի՞նչ էին անում որ իրենք»,-այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, երբ լրագրողներից մեկի էկրանին տեսավ Եռաբլուրում այսօր կատարվածի տեսանյութերից մեկը, որտեղ ոստիկանները քաշքշելով բերման էին ենթարկում զոհված զինծառայողների ծնողներին, գրում է News.am-ը:

 

 

Երբ լրագրողներից մեկը հայտնեց, որ նրանք հավաքվել էին եւ հայտարարում էին, որ թույլ չեն տալու, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտենա զոհվածների գերեզմաններին, Աղազարյանն ասաց. «Դա ճիշտ մոտեցում չէ»:

 

Հարցին՝ այդ դեպքում ոստիկանների՞ մոտեցումն էր ճիշտ, Աղազարյանը պատասխանեց․ «Բա եթե պետք է խանգարեն պետական միջոցառումը, ոստիկանությունն ինչի՞ համար է։ Պետք է պահպանվի հասարակական կարգուկանոնը։ Եթե պետական մակարդակով միջոցառում է տեղի ունենում, պետք է ապահովվի դրա անհրաժեշտ մակարդակը։ Այսօր բոլորս լարված վիճակում ենք, պետք չէ թույլ տալ մեկ-երկու անախորժություն։ Ոստիկանությունը վա՞տ է անում, որ նման բան է անում։ Լավ է անում, հարյուր անգամ ասացի, որ լավ է անում»։

 

Նկատառմանն ի պատասխան, որ մերժված Սերժ Սարգսյանի օրոք նման բան դժվար է հիշել, որ նախկինում լրագրողները կարողացել են լուսաբանել բարձրաստիճան պաշտոնյաների այցերը, Հովիկ Աղազարյանն ասաց. «Որովհետեւ մարդիկ կան, որոնք ասում են՝ չկա՞ մեկը, որ հոկտեմբերի 27 անի: Այսօր մեզ հոկտեմբերի 27 պե՞տք է: Ապահովում են, որ նման բան չլինի, վա՞տ են անում: Մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում եւ ոչ մի քայլ ավելորդ չէ, կանխելու համար անկանխատեսելի գործընթացները:

 

Ես խոնարհվում եմ բոլոր զոհվածների ծնողների առաջ, բայց 18 տարեկան տղան արդեն ծնողինը չի, այլ հասարակությանը, եւ պարտավոր է ամեն ինչ անել իր հայրենիքի պաշտպանության համար»: