ՄԱԿ-ի ԱԽ նիստում միջազգային հանրությունը հակառակ արձագանք տվեց Ադրբեջանի այն թեզին, թե ԼՂ հիմնախնդիր չկա. Միրզոյան


ՄԱԿ-ի ԱԽ նիստում միջազգային հանրությունը հակառակ արձագանք տվեց Ադրբեջանի այն թեզին, թե ԼՂ հիմնախնդիր չկա. Միրզոյան
Սեպտեմբեր 16 12:22 2022

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունվել, բայց այդ փաստը որևէ կերպ չպետք է նսեմացնի տեղի ունեցած քննարկման կարևորությունը: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

 
 

Նրա խոսքով`  քննարկմանը մասնակցող երկրների ճնշող մեծամասնությունը ընդգծել է ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը, բազմիցս օգտագործվել է «ագրեսիա» եզրույթը:

 
 
 

«Շատ հստակ ընկալում կա, որ սա  ներխուժում, ագրեսիա է Հայաստանի տարածքի նկատմամբ,  որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր: Խոսք է եղել նաև ԼՂ հակամարտության մասին:  Ադրբեջանի ղեկավարության թեզը, որով նրանք փորձում են շրջանառել, որ ԼՂ հիմնախնդիր չկա, ԼՂ չկա, երեկ իր համարժեք հակառակ արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից»,-ասաց նա:

 
 
 

Միրզոյանը նշեց, որ պետք է շարունակել աշխատանքներն այս ուղղությամբ: «Գնահատանքի խոսքեր եմ ուզում ասել այն երկրներին, ովքեր դադարել են այլևս հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև, բայց նաև պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք  մի փոքր ավելի ակնկալիքներ, բայց գաղտնիք չէ, որ դրանք չարդարացան»,-հավելեց նա: