Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է զոհված զինծառայողների անունները:
Նշենք, որ հակառակորդը երեկ հայտնել էր՝ զոհվել է 50 զինծառայող, որից 8-ը՝ սահմանապահ:
Տեղեկացնենք, որ ՀՀ-ում հայտնել են 49 զոհի մասին , սակայն անունները մինչ այս պահը հայտնի չեն:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից Yerevan.Today-ը փորձել է ճշտել, թե այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ քանի զոհ և վիրավոր ունենք, սակայն նա հրաժարվել է որևէ թիվ ասել:
Թորոսյանը պատճառաբանեց, որ այդ թվերը անընդհատ թարմացվում են և այդ կապակցությամբ որոշում ունեն, որ միայն պետք է հրապարակեն հստակ ճշգրտված թիվ. «Վարչապետը հրապարակեց զոհերի թիվը՝ 49 և նշեց, որ անընդհատ ճշգրտվում են և պաշտպանության նախարարությունը թիվ կհայտնի միայն, երբ հստակ թիվ լինի: Քանի որ որոշ ուղղությունենրով դիրքային մարտեր էին շարունակվում, նրանք բնականաբար անընդհատ թարմացվում են: Դրա համար հիմա որևէ թիվ չեմ կարող ասել, փոփոխվող է: Քանի որ չափազանց մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում այդ հարցին, մոտավոր թվեր չենք ասի, միայն ճշգրիտ թվեր»:
Չնայած պաշտպանության նախարարությունը դեռ հրաժարվում է թվեր հրապարակել, տարբեր ուղղություններով տեղեկություններ ենք ստանում այն մասին, որ բավականին մեծ թվով վիրավորներ ունենք: Օրինակ, երեկ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել էր, որ միայն իրենց մարզում Ադրբեջանի իրականացրած ագրեսիվ հարձակման հետևանքով ընդհանուր առմամբ 80 վիրավոր կա, որոնց թվում նաև` քաղաքացիական անձինք։










