ՔՊ-ի Ջուլհակյան Արուսը հայտարարել է, թե հակամարտում են Արցախն ու Ադրբեջանը, այլ ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանը


ՔՊ-ի Ջուլհակյան Արուսը հայտարարել է, թե հակամարտում են Արցախն ու Ադրբեջանը, այլ ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանը
Սեպտեմբեր 10 18:55 2022

Արցախի թշնամին

ՔՊ-ի Ջուլհակյան Արուսը, ըստ էության, կրկնելով Նիկոլի հիմնական թեզերից մեկը, հայտարարել է, որ Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության համաձայնագիրը չի լինելու իրական խաղաղության երաշխիք. ինքը դեմ է «մոնտաժված» խաղաղությանը, իսկ խաղաղությունը նախևառաջ ենթադրում է երկարատև գործընթաց: Իսկ ահա լրագրողի հարցմանը, թե այդ դեպքում ի՞նչ ճակատագիր է սպասվում արցախյան հիմնախնդրին՝ նկատի ունենալով, որ հենց դա է Ադրբեջանի ու Հայասանի միջև կռվախնձորը՝ Արուսը հայտարարել է, թե հակամարտում են Արցախն ու Ադրբեջանը, այլ ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանը:

Արուսի խոսքերն այն մասին, որ հակամարտությունը ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի, այլ Ադրբեջաի ու Արցախի միջև է, ոչինչ չի բացատրում կամ հիմնավորում՝ նկատի ունենալով ոչ միայն Ադրբեջանի հայտնի դիրքորոշումը, որ կտրականապես հերքում է Արուսի թեզը, այլև համաշխարհային հանրության տեսակետը: Մյուս կողմից՝ պարզ չէ, թե ինչ է ցանկանում Արուսն ասել կամ ինչ է փորձում հիմնավորել: Այսինքն՝ Հայաստանը, ելնելով հանգամանքից, որ խնդիրը ոչ թե իր ու Բաքվի, այլ Ստեփանակերտի ու Ադրբեջանի միջև է, այլևս չի՞ պատրաստվում արտահայտել Արցախի կամ արցախցիների շահերը՝ միայնակ թողնելով նրանց ու ասելով՝ գնացեք, ինչ ուզում եք՝ արեք: Համենայն դեպս՝ իշխանությունների հետպատերզմյան վարքագիծը հենց դա էլ հուշում է, հուշում է, որ փորձ է արվում հստակ անջրպետ կառուցել Արցախի ու Հայաստանի միջև՝արցախցիների խնդիրը հռչակելով բացառապես արցախցիներինը, որը չի կարող ու չպետք է խանգարի հայ-ադրբեջանական «խաղաղությանը»՝ մի բան, որը ոչ միայն տեսանելի ապագայում անիրական է թվում, այլև դրա համար որպես նախապայման Ադրբեջանը առաջ է քաշում Արցախից Հայաստանի հրաժարման պայմանը՝ դե յուրե:

Իրականում Ջուլհակյան Արուսի խոսքի խորքային իմաստը հենց դա է՝ Արցախից ամբոջղական հրաժարումը, քանի որ ՔՊ-ականի ու նրա մյուս թիմակիցների խոսքերից հետևում է, որ եթե Իլհամը ասենք ասի՝ հորս արև, բան չեմ անի, ապա պատուհաս դարձած իշխանություններն անմիջապես կհամաձայնվեն Արցախը պաշտոնապես ու փաստաթղթավորված կերպով թողնել Արդբեջանի կազմում: Իսկ թե հետո ինչ կլինի արցախցիների ճակատագիրը, արուսջուլհակյաններին ընդհանրապես չի հուզում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղություն կառուցելու վերաբերյալ հայտարարություններին, ապա դրանք, մեղմ ասած, ոչ ադեկվատ բարբաջանքներ են, քանի որ խաղաղություն չի կառուցվում հակամարտող կողմերից միայն մեկի ցանկությամբ, իսկ այն, որ Իլհամը նաև Երևանն է ուզում, գոնե քանի դեռ իշխանության է Նիկոլը, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Արդյունքում ստացվելու է, որ ՔՊ-ն Արցախը դե ֆակտո հանձնելու է Ադրբեջանին՝ դրա դիմաց նույնիսկ մի փսլնքոտ խաղաղություն էլ չստանալով: