|
«Տեսչական մարմինը թույլատրել է շուկան բացել ստուգումներ իրականացնելուց հետո, իսկ անվտանգության հարցերով աշխատանքներն արդեն կատարվել են, թե հիմա ինչի՞ են սպասում, ի՞նչ նպատակով են ձգձգում ճանապարհի բացելը, չենք հասկանում»,- ասում են «Փեթակ»- ի աշխատակիցները, ովքեր վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով խնդրին լուծում տալ: «Աշխատավոր ժողովուրդ ենք, թողնենք գնանք այս երկրից, ուրիշ երկիր ծաղկեցնե՞նք, բայց ինչո՞ւ անենք, ինչո՞ւ մեր երեխաներն այստեղ բանակ չգնան, այստեղ ուսման չտանք... Թող ասեն, ո՞ր կազմակերպությունն է հարցին լուծում տվողը, գնանք իրեն խնդրեք՝ հարցին լուծում տա»,- բողոքում են նրանք։ «Փեթակ»-ի աշխատակիցները նշեցին, որ իրենց ասել են՝ նշված ճանապարհը փակ կլինի մինչև դեկտեմբերի 31-ը, իսկ հունվարից դեռ պարզ չէ` կբացվի՞, թե էլի ինչ-որ պատճառաբանություններ կլինեն: «Թող մեկը գա, ասի՝ ինչ անի էս ժողովուրդը, մինչև դեկտեմբերի 31-ը ոնց ապրի: Տասը հոգի չէ, 20-ը չէ, հարյուրավոր մարդիկ անորոշ վիճակում են, ու չկա մի պատասխանատու, որ մեզ հետ խոսի, բացատրի»,- ասում են նրանք: Հիշեցնենք՝ «Փեթակ» տոնավաճառի աշխատակիցները բողոքում են, որ «Սուրմալու»-ի պայթյունից հետո Քրիստափորի փողոցի մի հատվածը մինչ օրս փակ է, ինչը դժվարացնում է երթևեկությունը՝ վնաս հասցնելով իրենց առևտրին: |
«Թողնենք գնա՞նք այս երկրից, ուրիշ երկիր ծաղկեցնե՞նք». «Փեթակ»-ի աշխատակիցներին հայտնել են, որ մինչև դեկտեմբերի 31-ը ճանապարհը փակ կլինի










