Սիմոյան Ալենի սպառնալիքը՝ ընդդիմությանը
Ընդդիմության կողմից ԱԺ և նրա հանձնաժողովների նիստերին չմասնակցելու մասին հայտարարությանը զուգահեռ Սիմոնյան Ալենն է լրագրողների հետ զրույցում հստակ սպառնալիքներ հնչեցրել՝ ուղղված ընդդիմությանը, թե եթե չգան խորհրդարան, ապա կզրկվեն մանդատներից, և այս անգամ ներում-բեկում չի լինելու:
Շատերը, շունչները պահած, սպասում են թեժ քաղաքական աշնանը: Հարցին, թե իշխանություններին որքանո՞վ է ձեռնտու թեժ աշուն, որքանով՝ ոչ, կարելի է տալ հետևյալ պատասխանը՝ թեժ լինի աշունը, թե՝ սառնաշունչ, իշխանություններին հարկավոր է, որպեսզի խորհրդարանական ընդդիմությունը լինի պառլամենտի շենքում՝ անկախ այն բանից, թե ինչ ելույթներ կհնչեն, ինչպես կդրսևորեն իրենց ընդդիմադիր պատգամավորները, ջան կասեն, թե՝չոռ և այլն:
Ինչպես հայտնի է, ամիսներ առաջ նույնպես նույն իշխանությունները չէին վարանում հայտարարել, թե կզրկեն ընդդիմադիրներին մանդատներից, եթե խորհրդարան չգան, սակայն վերջին պահին, ըստ էության, չարեցին դա՝ հետո բերելով տարբեր պատճառաբանություններ: Ուստի հարց է ծագում, թե որքանո՞վ են իշխանություններն այս անգամ վճռականորեն տրամադրված, և կամ արդյոք Սիմոնան Ալենը կրկին բլեֆ չի՞ անում:
Բանն այն է, որ եթե իշխանությունները ձեռնամուխ լինեն այն ամենին, ինչ խոստանում է Սիմոնյան Ալենը, ապա դրանով կարող է երկրում առաջանալ իրական քաղաքական ճգնաժամ՝ իշխանությունների համար դրանից բխող քաղաքական հետևանքներով: Ընդ որում՝ այդ ճգնաժամն առաջանալու է անկախ այն բանից, թե ընդդիմությանը մանդատներից զրկելն այս կամ այն իշխանական պատգամավորն ինչպես կհիմնվորի կամ, չի հիմնավորի: Ավելին՝ այդ ճգնաժամն առաջանալու է նույնիսկ այն դեխքում, եթե արևմտյան որոշ դեսպանատներ բացեիբաց սատարեն իշխանական քայլերին, Նիկոլին՝ դեմոկրատիայի հայր հռչակեն և այլն:
Իշխանությունը պատրա՞ստ է լեգիտիմության կորստի, ինչը, փաստորեն, կարող է լուրջ հարվածի տակ դնել նաև իրենց իշխանությունը՝ այն խարխլելով, այն այս կամ այն չափով ապալեգիտիմացնելով: Ինչ-որ բան հուշում է, որ ալենսիմոնյանները պատրաստ չեն հրաժարվել շքեղ, անհոգ կյանքից, ուստի սեփական քայլերը ծրագրելու են՝ բացառապես ելնելով մեկ գլխավոր սկզբունքից՝ աթոռի պահպանման:
Այս իրավիճակում ընդդիմությանն ուղղակի մնում է ճիշտ հաշվարկել քայլերը, որպեսզի գոնե այս անգամ հարվածը փուստ չանցնի:










