|
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Չափազանց հետաքրքիր է հետևել, թե ինչպես է այս «խաղաղասեր» իշխանությունը նախապատրաստում «հպարտ քաղաքացիներին» ազգային ինքնասպանությանը։ Առանց չափազանցության՝ Հայաստաանում ներկա ստեղծված իրավիճակը հոգեբանների և վերլուծաբանների կողմից կդառնա ապագայում խորն ուսումնասիրությունների առարկա, թե ինչպես մեր պետությունը և ժողովուրդն «ուրախ և զվարթ» գնում էր ազգային ինքնասպանության։ Օրինակ` արդեն իշխանամետ որոշ լրատվական կառույցներ և «խոսացող գլուխներ» սկսում են կամաց-կամաց «հիմնավորել», որ դե Հայաստանը տարբերակ չունի և պետք է համաձայնվի այս կամ այլ ձևաչափով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», այսինքն՝ մեզ արդեն «տակից» համոզում են, որ մենք տարբերակ չունենք և ստիպված ենք լինելու թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակին հանձնել Սյունիքով անցնող տարանցիկ ճանապարհը։ Այս օրերին դուք կրկին կլսեք, որ «տարբերակ չկա», որ մենք «մենակ ենք մնացել» և եթե չհամաձայնվենք, ապա թուրք-ադրբեջանական ոհմակը կսկսի պատերազմ և այլն... Իհարկե, իրենք չեն ասի, որ դրանով փաստացի ամրագրվելու է ապագա պատերազմի հեռանկարները և Հայաստանի մասնատումն ի օգուտ թշնամիների չի բերի «խաղաղություն», այլ՝ հակառակը։ Կամ սրանք կգնան ավելի «ուղիղ» ճանապարհով և փաստացի տրամադրելով միջանցք՝ այնուամենայնիվ, մեզ կրկին կհամոզեն, որ դա «միջանցք» չէ։ Ինչևիցե, Հայաստանի մասնատումը, ըստ թուրք-ադրբեջանական ոհմակի նախագծերի, ընթանալու է զանգվածային տեղեկատվական ճնշումներով «հպարտ քաղաքացիների» հանդեպ։ Իմիջայլոց` նույն պատկերը մենք կտեսնենք, երբ մեզ կրկին համոզելու են, որ Տավուշում, Գեղարքունիքում, Արարատում կամ Սյունիքում նույնպես պետք է հանձնվեն տարածքներ թուրք-ադրբեջանական ոհմակին։ Այսինքն՝ մեզ բոլորիս համոզելու են, որ «տարբերակ չկա» և պետք է մեր տունը (բառիս ուղիղ իմաստով) հանձնել թուրք-ադրբեջանական ոհմակին, թե չէ իրենք «կռիվ կսկսեն»։ ...լավ նորություններ էլ ունենք, թե չէ կասեն, որ միայն «վատ բան եմ» գրում, Հայաստանում տեղի ունեցած խայտառակ գնաճի և «հպարտ քաղաքացիների» իրական եկամուտների ահռելի անկման պայմաններում իշխանությունը որոշել է բարձրացնել կենսաթոշակները և նպաստները մի երկու-երեք հազար դրամով»։ |
«Մեզ համոզելու են, որ Տավուշում, Գեղարքունիքում, Արարատում կամ Սյունիքում նույնպես պետք է հանձնվեն տարածքներ». Ա. Աբովյան
Աղբյուրը` Արման Աբովյան










