Չավուշօղլուն դժգոհել է ԱՄՆ-ից և Ռուսաստանից


Չավուշօղլուն դժգոհել է ԱՄՆ-ից և Ռուսաստանից
Հուլիս 27 16:22 2022

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, թուրքական TV100-ի ուղիղ եթերում Ռուսաստանին ու ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկչության դեմ պայքարում անկեղծ չլինելու մեջ։ Ինչպես գրում է թուրքական milliyet.com.tr-ն, Չավուշօղլուն ասել է, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է տեր կանգնեին Սիրիայի հետ կապված իրենց խոսքին՝ ահաբեկիչներին դուրս բերեին տարածքից։ 

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը դժգոհել է, որ ԱՄՆ-ն շարունակում է սպառազինությամբ աջակցել ահաբեկիչներին և ասել, թե պետք է բացատրություն տա այդ կապակցությամբ:

 

«Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (պաշտոնական Անկարայի կողմից հռչակված է ահաբեկչական,-խմբ.) և այլ ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են իրենց սադրանքները: Մենք միշտ ասել ենք, որ ահաբեկչական կազմակերպությունները սպառնալիք են Իրաքի և մեզ համար: Իրաքի կառավարությունը չի կարողանում հաջողությամբ պայքարել ահաբեկչության դեմ: Եթե նրանք չկարողանան պայքարել ահաբեկիչների դեմ, մենք դա կանենք»,- ասել է Չավուշօղլուն։