Իրանի կողմից ամենաբարձր մակարդակով խիստ զգուշացում տրվեց Թուրքիային. Ահարոն Վարդանյան


Իրանի կողմից ամենաբարձր մակարդակով խիստ զգուշացում տրվեց Թուրքիային. Ահարոն Վարդանյան
Հուլիս 19 19:27 2022

Իրանի հոգևոր առաջնորդը հստակ ուղերձ տվեց, որ Իրանը չի հանդուրժելու հայ-իրանական սահմանի ընդհատում կամ շրջափակում, քանի որ այն հազարամյա պատմություն ունի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է իրանագետ Ահարոն Վարդանյանը:

Հիշեցնենք, որ այսօր Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդրողանին ասել է, որ եթե Հայաստանի հետ Իրանի սահմանները կտրելու քաղաքականություն լինի, ապա Իրանը կկանխի դա, քանի որ այդ սահմանը տարանցիկ ուղի է արդեն մի քանի հազարամյակ:

 

Իրանագետ Ահարոն Վարդանյանը նկատում է՝ մտահոգիչ է, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի և Թուրքիայի նախագահի հանդիպման ժամանակ խոսակցություն է եղել հայ-իրանական սահմանի փակման կամ Սյունիքի մարզի վերաբերյալ, ինչից հետո էլ Իրանի հոգևոր առաջնորդը նման հայտարարությամբ է հանդես եկել.

«Սա Իրանի կողմից ամենաբարձր մակարդակով խիստ զգուշացում էր Թուրքիային, որ եթե էլի նման դեպքեր լինեն, ապա արդեն այլ մակարդակի խոսակցություններ կլինեն, եթե սա ասվում է Իրանի հոգևոր առաջնորդի կողմից, դա վերջնակետն է»,-ասաց Ահարոն Վարդանյանը:

Փորձագետի արձանագրմամբ՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ասածում նորությունը «հայ-իրանական սահմանի հազարամյակների պատմությունն է», քանի որ նախկինում նման շեշտադրում չի արվել: Ըստ փորձագետի՝սա հետաքրքիր ուղերձ է և հստակ ցույց է տալիս, որ հայ-իրանական սահմանը մի քանի հազար տարվա պատմություն ունի, մինչդեռ այն պետությունները, որոնք ուզում են այդ սահմանը ընդհատել, չունեն երկարամյա պատմություն:

Իրանագետն ընդգծում է՝Իրանը նաև հստակ ուղերձ տվեց, որ թույլ չի տա «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի իրականացումը, ինչի մասին հաճախ խոսում են Ադրբեջանը և Թուրքիան.

«Ոչ թե նրա համար, որ Իրանում Հայաստանին շատ են սիրում, այլ պարզապես Իրանի և մեր շահերն այս դեպքում համընկնում են, սա նշանակում է, որ Իրանի պետական շահին դեմ է «Զանգեզուրի միջանցքը», Իրանն ամեն ինչ անում է և անելու է, որ նման ծրագիր կյանքի չկոչվի»,-ասաց նա:

 

Հարցին՝ հնարավո՞ր է Իրանի հոգևոր առաջնորդի այս հայտարարությունից հետո իրանա-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվի, փորձագետն ասաց.

«Դա կախված է նրանից, թե այս հայտարարություն ինչպե՞ս կմեկնաբանեն կամ ինչ արձագանք կտան Թուրքիան և Ադրբեջանը»,-ասաց նա: