Ադրբեջանի Մեջլիսի նախագահը Բրիտանիայում է. Ակնկալում է բրիտանացիների աջակցությունը՝ օկուպացված տարածքների ականազերծման համար


Ադրբեջանի Մեջլիսի նախագահը Բրիտանիայում է. Ակնկալում է բրիտանացիների աջակցությունը՝ օկուպացված տարածքների ականազերծման համար
Հուլիս 13 13:25 2022

Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը՝ նախագահ Սահիբա Գաֆարովայի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում։ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի և Լորդերի պալատի նախագահների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական և էներգետիկ ոլորտում համագործակցության հարցերը։ 

Ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ՝ Ս․ Գաֆարովան խոսել է 2020թ․ Արցախի դեմ սանձազերծած պատերազմի մասին՝ հայտարարելով, թե «Ադրբեջանն ինքնուրույն կատարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով սահմանված, ինչպես նաև այլ միջազգային իրավական փաստաթղթերի պահանջները»։ Սույն տիկինը նաեւ պնդել է, թե այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտություն չկա. նախկին առճակատումը մնացել է միայն պատմության տարեգրության մեջ»։

Մեջլիսի նախագահը հավելել է, թե Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում հայտարարվել են «կանաչ էներգիայի» գոտիներ, կառուցվում են նոր քաղաքներ ու գյուղեր։ Միևնույն ժամանակ, նա արժևորել է բրիտանական ընկերությունների ներդրումը պատերազմի ժամանակ Արցախից օկուպացված տարածքների ականազերծման և վերականգնման ծրագրերի իրականացման գործում։

Ս․ Գաֆարովան նշել է, թե «հետկոնֆլիկտային շրջանում» Հարավային Կովկասում ի հայտ են եկել նոր իրողություններ և նոր հնարավորություններ, որոնց իրացումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և համագործակցության ամրապնդմանը, ապա նաեւ խոսել իրենց կողմից առաջ քաշված «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին, ինչը, ըստ նրա, կնպաստի տարածաշրջանում զարգացման և կայունության ապահովմանը ։