Ակցիաների երիտասարդների զորահավաքների ծանուցագրեր են ուղարկվել. Մտավախություն կա, որ գործող և Ադրբեջանի իշխանությունների օպերատիվ կապով նրանք կարող են գերության մեջ հայտնվել


Ակցիաների երիտասարդների զորահավաքների ծանուցագրեր են ուղարկվել. Մտավախություն կա, որ գործող և Ադրբեջանի իշխանությունների օպերատիվ կապով նրանք կարող են գերության մեջ հայտնվել
Հուլիս 2 16:50 2022

Մոտավորապես 300-ից ավելի ծանուցագրեր են ուղարկվել այն երիտասարդներին, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել «Դիմադրության» շարժման կազմակերպած հանրահավաքներին և դրսևորել են քաղաքական ակտիվություն՝ հիմնականում իշխանությունների՝ ազգային անվտանգությանն սպառնացող գործողությունները քննադատելու համար։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը մի քանի հարցադրում բարձրացրեց, որոնց, ըստ իրեն, պատկան մարմինները՝ ի դեմս ՊՆ զինկոմիսարիատների, պետք է պատասխանեն, օրինակ՝ ինչ սկզբունքով են ընտրել հենց այդ մարդկանց։

 

«Դեպք գիտեմ, օրինակ, Շենգավիթ համայնքում, երբ դեմ դիմացի բնակարաններում ապրող երիտասարդներից մեկին, որն ակտիվ հակաիշխանական վարքագիծ է ցուցաբերում, մասնակցում է հանրահավաքներին, ուղարկել են ծանուցագիր, իսկ հարեւանությամբ ապրող անձին՝ ոչ, որը գտնվում է տարիքային նույն շեմին, հավասարապես ժամկետային զինծառայող է եղել, բայց ապաքաղաքական վարքագիծ է դրսևորել»,- նշեց Հայրապետյանը՝ հավելելով, որ պետք է պարզաբանեն, թե ինչ սկզբունքով են ընտրում, որովհետև, եթե երեք ամսով զորահավաքի կամ պատրաստության համար նախատեսվել է ՊՆ նախարարի կամ ՀՀ նախագահի որևէ իրավական ակտով զորահավաք, ապա այդտեղ հստակ նշվում է, օրինակ, 23-30 տարեկան երիտասարդներ, ապա հնարավոր է դետալացնել՝ հրետանավորներ և այլն։

Հայրապետյանն ընդգծեց, որ եթե ամբողջ դետալները ներկայացված են և այդ դետալների շրջանակներում սեփական քմահաճույքով են մարդկանց կանչում զինվորական վարժանքների, ապա պետությունն ունի լուրջ պրոբլեմ։ Մեր զրուցակիցը հիշեցրեց Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, թե, նախ և առաջ, պետք է պարզել, թե ակցիաներին մասնակցող երիտասարդներն ինչու չեն գտնվում զորահավաքի։

«ՔՊ-ական ստորին օղակը, որոնք իրենց զոհասեղանին են դնում Նիկոլ Փաշինյանի համար, հանրային հարթակում շրջանառում էին թեզ առ այն, որ այն անձանց տվյալները, որոնք մասնակցել են հանրահավաքներին և ոստիկանների կողմից բերման են ենթարկվել, փոխանցվելու են ՊՆ, որպեսզի վերջիններս կանչվեն։ Փաստորեն դրանց մեջ եղել է ճշմարտություն, հիմա սեփական հետաքննությունն եմ կատարում՝ պարզելու, թե ծանուցագիր ստացած արական սեռի ներկայացուցիչներից որո՞նք են «Դիմադրության» շարժման հանրահավաքների արդյունքում բերման ենթարկվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ»,- նշեց Հայրապետյանը՝ հավելելով, որ, եթե խաղաքարտեր բացվեն, անձինք արդեն կարող են համապատասխան դատական պաշտպանության դիմել՝ սեփական անձի նկատմամբ խտրական վերաբերմունքի համար։

Դիտարկմանը, որ փաստացի բանակը փորձում են ներքաշել քաղաքական գործընթացներում, օգտագործել՝ անձանց քաղաքական զսպվածություն ցուցաբերելուն հարկադրելու համար, ինչպես նաև՝ որպես «պատժիչ գործոն»՝ Հայրապետյանը նկատեց, որ պետք չէ մոռանալ, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ՝ մի քանի, իր և իր ընտրազանգվածի համար կարևոր թեզերով, որոնցից մեկը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պարսավանքի ենթարկելն էր առ այն, որ նա իբրև 2008թ մարտի 1-ի դեպքերի ընթացքում ոչ իրավաչափորեն է օգտագործել բանակը, փորձել քաղաքականացնել, մինչդեռ, Նիկոլ Փաշինյանն իր թիմով ակտիվ կերպով բանակը քաղաքականացնում է։

«Բացի բանակը քաղաքականացնելու վտանգից՝ որպես ՀՀ քաղաքացի մեկ այլ վտանգ եմ տեսնում։ Այսօր ՀՀ սահմանները գտնվում են պաշտպանության առումով ամենաթույլ վիճակում և, օրինակ, սահմանապահ դարձած մի շարք տարածքներում՝ լինեն դրանք զորամիավորումներ, թե սահմանային գյուղեր, այդտեղ կահավորանքը բավականին թույլ է և, եթե այդ փաստերը փորձում ենք համադրել այն հանգամանքի հետ, որ ադրբեջանական զորամիավորումներն անարգել կերպով մուտք են գործում ՀՀ սուվերեն տարածք և անընդհատ առաջ են գալիս՝ առանց դիմադրության, ունեմ մեծ մտավախություն, որ միտումնավոր տարված երիտասարդները, օրինակ, հերթափոխի ժամանակ մի գիշեր կարող են հայտնվել գերու կարգավիճակում, որովհետև չեմ բացառում գործող իշխանությունների և ադրբեջանական իշխանությունների միջև համապատասխան օպերատիվ կապը, որի մասին իրենք էլ բազմիցս հայտարարել են, չեմ բացառում, որ այդ օպերատիվ կապով փորձեն մարդկանց դիտավորյալ տանեն գերության»,-նշեց Հայրապետյանը՝ ընդգծելով, որ մեր պետության քաղաքականությունը հիմա տարվում է այնպես, որ Ադրբեջանում պահվող գերիներն այլևս գերիներ չեն և նրանց վերադարձի ուղղությամբ պետությունն այնպես տքնաջան չի աշխատում, ինչպես պարտավոր է։

 

Հայրապետյանն ընդգծեց, որ անձանց կյանքի իրավունքը դրվում է լուրջ վտանգի տակ, նախ՝ պետք է հասկանալ ծանուցում ստացած երիտասարդներից քանիսն ունեն զինվորական պատրաստություն, քանիսն են ուղղակի սահմանափակվել երկու տարի զինվորական ծառայությամբ, քանիսն են դրանից հետո որոշակի պատրաստություն անցել, ինչ հիմքով են այդ անձանց տանում զորահավաքի։

«Ինչու է կառավարությունը հակասում ինքն իրեն։ Եթե հիմա մենք գնում ենք խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհով, ապա ինչ նպատակ ունի՝ լայնածավալ 44-օրյա պատերազմից և 5000 զոհերից հետո հիմա կատարել նոր զորահավաք։ Եթե պատրաստվում ենք խաղաղության, ինչ նպատակ է հետապնդում մեր երիտասարդներին կրկին զինվորական պատրաստության տանելը, եթե ռազմական գործողությունները ՀՀ-ի կողմից բացառված են։ Ո՞րն է իմաստը այս մարդկանց տանելու զորահավաքի, եթե իրապես չունես հետին նպատակ՝ քաղաքական գործունեությամբ զբաղվող երիտասարդներին վախեցնելու կամ ինչ-որ գործողություններից հետ պահելու»,- նշեց նա։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան