Եթե Թուրքիան գա Հարավային Կովկաս, ապա դժվար թե սկսի օգնել Ռուսաստանին։ Անկարան, ամենայն հավանականությամբ, կսկսի հետապնդել սեփական շահերը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Փորձագետի խոսքով՝ Երեւանի եւ Բաքվի հետ Մոսկվայի հարաբերությունները բավական կառուցողական են։ Կրեմլը, ըստ Մարկեդոնովի, ի վիճակի է ինքնուրույն լուծել տարածաշրջանի բոլոր հարցերը։
«Կարծում եմ, որ Մոսկվան հանգիստ է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հասկանալով մի քանի բան։ Օրինակ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները բացառապես երկկողմ ձեւաչափ չեն։ Դրանք վակուումում չեն զարգանում։ Ադրբեջանն այստեղ հսկայական ազդեցություն ունի։ Ահա այս տանգոյում առնվազն երրորդ պարող կա։ Ադրբեջանը Թուրքիայի համար միայն արտաքին քաղաքական համերաշխության գործոն չէ։ Սա մեծ մասամբ ներքաղաքական գործոն է, քանի որ Ադրբեջանից շատ մարդիկ են ապրում Թուրքիայում... Այդ մարդիկ ստացել են թուրքական անձնագրեր, հիմա էլ քվեարկում են։ Տարբեր գնահատականներով խոսքը 3 միլիոն մարդու մասին է։ Այսինքն՝ դա նրանք են, ովքեր նույնպես որոշում են Թուրքիայի ներքին օրակարգը։ Ուստի Անկարան կհետեւի Բաքվի արձագանքին, հատկապես այս իրավիճակի հանդեպ»,- պարզաբանեց քաղաքագետը։










