Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են ռազմական գործողության Սիրիայի հյուսիսում, սպասում են Անկարայի հրամանին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ կիրակի օրը գրում է Sabah թերթը։
Հինգշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ կսկսեն երկրի սահմաններում, շուտով այդ կապակցությամբ որոշում կկայացվի։ ԶԼՄ-ների տվյալներով՝ գործողությունները տեղի կունենան Սիրիայի չորս շրջաններում։ Հունիսի 8-ին Անկարա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկերոջ հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը։ Դրանից մեկ օր առաջ զրույց են ունեցել երկու երկրների պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Հուլուսի Աքարը:
«Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են Սիրիայի հյուսիսում հինգերորդ գործողությանը, նրանք հրամանի են սպասում Անկարայից», - գրում է պարբերականը:
Պարբերականի հետ զրույցում Ալթինբաշի համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար, պրոֆեսոր Սերհաթ Էրքմենը հայտարարել է, որ գործողությունը, որը պետք է իրականացվի, մի շարք նպատակներ է հետապնդում:
«Թուրքիայի գլխավոր նպատակը սահմանի վրա ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության (Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցություն - խմբ.) դեմ պայքարն է եւ երկրի անվտանգության սպառնալիքը։ Վերջնական նպատակը այն քայլն է, որը կհեշտացնի սիրիացի փախստականների վերադարձը», - ասել է նա։










