«Խաղն ավարտված է». «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում նոր բեմադրություն կներկայացվի


«Խաղն ավարտված է». «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում նոր բեմադրություն կներկայացվի
Հունիս 8 11:54 2022

Իտալացի հեղինակ Ալդո Նիկոլայի «Պաշտոնյան և կինը» պիեսի մոտիվներով ստեղծված «Խաղն ավարտված է» կատակերգությունը, որի ռեժիսորը բեմադրիչ, դերասան Վարդգես Բարսեղյանն է, կբարձրանա Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահի բեմ:

 
 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջնախաղերը նախատեսված են հունիսի 8-9-ին:

Պիեսը թարգմանել է Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը, ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Մարգարիտա Խաչատրյանն ու Վարդգես Բարսեղյանը: Պարային տեսարաններում զբաղված են Արտակ Հովհաննիսյանն ու Նարեկ Զոհրաբյանը: Բեմանկարչությունն ու զգեստները՝ Մարիամ Մուրադյանի, երաժշտական ձևավորումը՝ Արթուր Հակոբյանի, պարերը՝ Արտյոմ Գևորգյանի:

Ներկայացումը նախատեսված է 18 տարեկանից բարձր անձանց համար:

Պիեսը պատմում է սովորական պաշտոնյայի ծայրահեղ նյարդային կյանքի մասին։ Նրա աշխատասենյակում շատ անսպասելի հայտնվում է մի գեղեցիկ կին: Ի՞նչ սպասել անծանոթուհուց, որը, կարծես թե ամեն ինչ գիտի քո մասին, և, չգիտես ինչու, հենց քո սեփական աշխատասենյակում շատ կարևոր զանգի է սպասում: Նման իրավիճակը կմոլորեցնի ու ծուղակը կգցի անգամ շատ ինքնավստահ և իր ուժերի վրա երբեք չկասկածող մարդուն:

«Դիտելով ներկայացումը՝ յուրաքանչյուրը կվերարժևորի իրականությունը և կբացահայտի այնպիսի մանրուքներ, որ թվում է՝ այնքան էլ կարևորություն չունեն: Խոսվում է վախի, կաշառակերության, անտարբերության, ամենաթողության, ստի, սիրո կորստի, դավաճանության և էլի շատ բաների մասին: Ամեն ոք կարող է հայտնվել այդ պաշտոնյայի ապրած խաղի մեջ և ունենալ վերափոխվելու հնարավորություն»,-նշում է ռեժիսորն ու մեջբերում ներկայացման հերոսներից մեկի խոսքերը. «Ժամանակ գտեք սիրելու համար, շփվելու համար, ապրելու համար»: