Ժամանակակից շոու բիզնեսի ասպարեզում ամեն տարի, ամեն ամիս նոր անուններ են ծագում, նոր երգիչներ են բեմ բարձրանում, սակայն նրանցից քչերն են երկար աստղային կյանք ունենում: Արդեն երկար տարիներ` 30 տարուց ավելի, իրար հետ համագործակցում են Հայաստանի ամենահայտնի երգիչներից մեկը` Թաթա Սիմոնյանը և նրա երաժշտական պրոդյուսեր Արթուր Ասրյանը (Proff-ը): Նրանք Հայաստանի ամենահայտնի, ժողովրդական սիրո արժանացած երաժշտական նախագծերից մեկի հեղինակներն են: Ինչում է այս դուետի բացառիկությունը և երկարակեցության գաղտնիքը:
Շատ տարիներ առաջ սկսված այս համագործակցությունը հայկական շոու բիզնես բերեց մի նոր երաժշտական ուղղություն` քաղաքային ֆոլկլորի, ժողովրդական և ռաբիզ երգերի մի միքս, որը շատ սիրվեց հանդիսատեսի կողմից, շատ տարածվեց և դարձավ սիրված առանձին ոճ, ոչ միայն հանդիսատեսի, այլև երաժշտական ոլորտի այլ ներկայացուցիչների համար: Իսկ հաջողության բանալին պարզ էր: Երկու երաժիշտների հանդիպումից առաջ Արթուր Ասրյանը արդեն երկար տարիներ փորձում էր իրեն երաժշտական տարբեր ոլորտներում՝ սկսած երիտասարդ դաշնակահարների մրցույթի դափնեկիր դառնալուց, մինչև «Կապան» ջազ ռոք խմբի կազմում Լեհական երգի փառատոնում առաջին տեղը գրավելը: Նաև զուգահեռ ավելի քանի 15 տարբեր երգիչների համար երաժշտական ալբոմների ստեղծումը նույնպես մեծ փորձ էր, որը նպաստեց Թաթա Սիմոնյան երգիչ -երգահանի հետ նոր նախագծի հաջողությանը:
Ընդհանրապես երաժիշտները տարիներ շարունակ աշխատում են, ստեղծում են տասնյակ երգեր և մի քանի ալբոմներ, նոր սկսում են համերգային գործունեություն ծավալել, սակայն Թաթայի և Պրոֆֆի համագործակցությունը կայծակնային հայտնիություն ծնեց: Առաջին երգը` Ձմեռ պապը, մեկ օրում դարձավ հիթ և շատ արագ հայտնի դարձրեց Թաթա Սիմոնյանին: Իսկ հենց առաջին ալբոմի թողարկումից հետո՝ 1996-ին երաժիշտները տվեցին իրենց առաջին համերգը Գյումրիում, որով էլ մեկնարկեց մեծ երաժշտական հաջողությունների սկիզբը : Նմանատիպ մեկնարկ էլ , բայց այս անգամ սփյուռքահայ հանդիսատեսի համար, եղավ 1997 թվականին ԱՄՆ-ում, Glendale Alex theatre-ում։
Համաշխարհային տուրեր ձգվեցին Լաս Վեգասից -Նյու Յորք, Տորոնտոյից -Մոնրեալ, Սիդնեյից - Մելբուրն, Մոսկվայից - Եկատերինբուրգ, Նաև Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Նիդերլանդներ և այլ հայաշատ քաղաքների դահլիճներ, որտեղ մինչ այդ նման համերգներ անգամ չէին եղել: Օրինակ «10.10.10» համերգը, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Staples Center-ում, մինչ այժմ չգերազանցած է (մինչ օրս ոչ մի հայ երգիչ այդ սրահում համերգ չի ունեցել: )
Հայաստանում նույնպես գրանցված են երաժիշտների մեծ համերգներ բոլոր մարզկենտրոնների հրապարակներում, իսկ Երևանում 16.000 հանդիսատեսով Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում և իհարկե 50.000 հանդիսատեսով Հրազդան ստադիոնում:
Վերջին տարիների իրադարձությունները, պանդեմիան շատ բան փոխեցին, բայց մենք հուսով ենք որ շուտով նոր և մեծ համերգներ նորից կլինեն, ու հայ հանդիսատեսը Հայաստանում և սփյուռքում կրկին կկարողանան վայելել սիրված երգիչներին մեծ բեմերին տեսնելու հնարավորությունը:










