Տարեկան քանի՞ միլիարդ դոլար կկորցնի Ռուսաստանը ԵՄ-ի սահմանած նավթային էմբարգոյի հետևանքով


Տարեկան քանի՞ միլիարդ դոլար կկորցնի Ռուսաստանը ԵՄ-ի սահմանած նավթային էմբարգոյի հետևանքով
Մայիս 31 11:30 2022

Ռուսաստանը տարեկան մոտ 22 միլիարդ դոլար նավթային եկամուտ կկորցնի ռուսական նավթի նկատմամբ ԵՄ-ի կողմից երեկ համաձայնեցված մասնակի էմբարգոյի պատճառով, հաշվարկել է Bloomberg-ը։ Մոտ 12 միլիարդ դոլար երկիրը կկորցնի «Հյուսիսային Եվրոպա» խողովակաշարերի մատակարարումներից հրաժարվելու պատճառով, ևս 10 միլիարդ դոլար՝ նավթի ծովային արտահանման արգելքից: 

Ռուսաստանը 2021 թվականին իր մայրուղային խողովակաշարով օրական մոտ 720 000 բարել հում նավթ էր մատակարարում եվրոպական նավթավերամշակման գործարաններին:Եվս 1,57 մլն բարել օրական ԵՄ է ուղարկվել Բալթյան, Սև ծովի և Արկտիկայի նավահանգիստներից, գրում է Bloomberg-ը։ 

Գործակալության տվյալներով՝ ծովային արտահանման արգելքից (արտահանման բոլոր մատակարարումների 75%-ը) Ռուսաստանը կկորցնի 10 մլրդ դոլար։ Դեպի Լեհաստան և Գերմանիա խողովակաշարերի մատակարարումների դադարեցումը կնվազեցնի ռուսական նավթային եկամուտները ևս 12 միլիարդ դոլարով, նշում է գործակալությունը։ Միաժամանակ Ռուսաստանը կշարունակի մոտ 6 մլրդ դոլար եկամուտ ստանալ Հունգարիա, Սլովակիա և Չեխիա իր արտահանումից «Դրուժբա» նավթատարի հարավային ճյուղերով։

Նշենք, որ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնության են եկել ռուսական նավթի երկու երրորդի ներմուծման էմբարգոյի շուրջ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում, որտեղ անցկացվել է Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը։

«ԵՄ ռուսական նավթի արտահանումն արգելելու մասին համաձայնագիր: Այն ներառում է Ռուսաստանից ներմուծվող նավթի ավելի քան երկու երրորդը, ինչը կրճատում է Ռուսաստանի ռազմական մեքենայի ֆինանսավորման հսկայական աղբյուրը: Առավելագույն ճնշում Ռուսաստանի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար», - գրել է նա Twitter-ում։

Բացի այդ, Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, որը ներառում է, մասնավորապես, «Սբերբանկ»-ի անջատումը միջազգային ֆինանսական հաղորդագրությունների SWIFT համակարգից և ԵՄ-ում Ռուսաստանի երեք պետական ԶԼՄ-ի հեռարձակման արգելք, ասել է Միշելը։

Ինչպես Բրյուսելում լրագրողներին ասել է Եվրոպական խորհրդի ներկայացուցիչը, սա քաղաքական որոշում է, որին պետք է հետևի տեխնիկական ընթացակարգ։