ԱՄՆ-ը դարձել է Հնդկաստանի խոշորագույն առեւտրային գործընկերը՝ առաջ անցնելով Չինաստանից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի առեւտրի նախարարությունը։
«Առեւտրի նախարարության տվյալների համաձայն՝ 2021-22 թվականներին ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի միջեւ երկկողմ առեւտրաշրջանառությունը կազմել է 119,42 մլրդ դոլար՝ 2020-21 թվականներին 80,51 մլրդ դոլարի դիմաց... 2021-22 թվականների ընթացքում Չինաստանի հետ Հնդկաստանի երկկողմ առեւտրի ծավալը կազմել է 115,42 մլրդ դոլար՝ 2020-21 թվականներին 86,4 մլրդ դոլարի համեմատությամբ», - Times of India-ն մեջբերել Է նախարարության տվյալները:
Ընդ որում, 2021-22 թվականներին ԱՄՆ արտահանումը նախորդ ֆինանսական տարում 51,62 մլրդ դոլարից ավելացել է մինչեւ 76,11 մլրդ դոլար, այն դեպքում, երբ ներմուծումն աճել է մինչեւ 43,31 մլրդ դոլար՝ 2020-21 թվականներին մոտավորապես 29 մլրդ դոլարի համեմատությամբ:
Իր հերթին Հնդկաստանից Չինաստան արտահանումն աննշան աճել է մինչեւ 21,25 մլրդ դոլար՝ 2020-21 թվականներին 21,18 մլրդ դոլարից, մինչդեռ ներմուծումն աճել է մինչեւ 94,16 մլրդ դոլար՝ 2020-21 թվականներին մոտավորապես 65,21 մլրդ դոլարից:
Առեւտրային փորձագետները կարծում են, որ ԱՄՆ-ի հետ երկկողմ առեւտրի աճի միտումը կպահպանվի նաեւ առաջիկա տարիներին, քանի որ Նյու Դելին եւ Վաշինգտոնը զբաղվում են տնտեսական կապերի հետագա ամրապնդմամբ: Հնդկաստանից ԱՄՆ արտահանման հիմնական ապրանքներն են դեղագործական արտադրանքը, ոսկերչական իրերը, թեթև յուղերն ու նավթամթերքները, սառեցված ծովախեցգետինները, պատրաստի ապրանքները և այլն, իսկ ԱՄՆ-ից ներկրումը ներառում է նավթ, չմշակված ալմաստներ, հեղուկացված բնական գազ, ոսկի, ածուխ, նուշ և այլն։
Աղբյուր` Փաստինֆո










