Առողջ նիհարելու գաղտնիքները. օգտակար խորհուրդներ Գայանե Շախաթունուց


Առողջ նիհարելու գաղտնիքները. օգտակար խորհուրդներ Գայանե Շախաթունուց
Մայիս 29 18:10 2022

Ամռանն ընդառաջ բոլորը փորձում են հնարավորինս սլացիկ կազմվածք ունենալ՝ գեղեցկության իրենց չափանիշներին համապատասխան: Հատկապես կանայք ու աղջիկները փորձում են հնարավորինս արագ քաշ կորցնել:

ArmDaily.am-ը որոշեց առողջ և գրագետ նիհարելու մասին զրուցել դիետոլոգ, սննդաբան Գայանե Շախաթունու հետ:

Դիետոլոգը խորհուրդ տվեց քաշ կորցնելու գործընթացը միայնակ չանել՝ ցանկալի է այդ ընթացքում գտնվել մասնագետի վերահսկողության ներքո: Քանի որ ամեն մարդ ունի անհատական օրգանիզմ,  հետևաբար մոտեցումն էլ պետք է լինի անհատական։

Շահաթունու խոսքով՝ 120 կգ քաշ ունեցող տղամարդը կամ 80 կգ քաշ ունեցող կինը ուզում են նիհարել, սակայն բոլորի համար նույն ստանդարտները չեն աշխատում: Իհարկե որոշ նույնական կանոններ  բոլորի համար կան, սակայն տարբերություններ էլ են շատ, հետևաբար մասնագետի ներգրավվածությունը նիհարելու պրոցեսին ողջունելի է:

«Եթե մասնագետի հետ ոչ մի կերպ հնարավոր չի կապվել, ուրեմն այս կանոնները պետք է անպայման պահել: Չի կարելի սնունդից, օրվա ռացիոնից բացառել ոչ մի բան՝ անգամ ածխաջրերը, որը մենք համարում ենք ոչ այնքան օգտակար մեր օրգանիզմի համար: Փոխարենը պետք է օգտագործել ածխաջրեր առանց քիմիական միացությունների՝ դրանց մեջ մտնում են մրգերը, չորամրգերը, խոշոր հատիկավորների ալյուրային տեսակները, օրինակ՝ ամբողջական ցորենի ալյուրը, տարեկանի ալյուրը, հնդկաձավարի ալյուրը, որոնք մուգ տեսակի և բարձր սորտերի են, ինչպես նաև կեղևազրված չեն հատիկները»,- նշում է Շախաթունին:

 

Դիետոլոգը շեշտում է՝ երկրորդ կարևոր պայմանն այն է, որ միջին կշռի մարդիկ՝ մինչև 80 կգ քաշ ունեցողները, հետևողական լինեն, որ ածխաջրի օրական քանակը 200 գրամից չանցնի, որից 100 գրամը կարող է լինել հացի տեսքով, մյուս 100 գրամը՝ մրգի կամ քաղցրավենիքի տեսքով:Ընդ որում՝ քաղցրավենիքը կարող է լինել չորամրգերի տեսքով, մեղրի, բարձրակարգ շոկոլադի տեսքով։

«Շատ կարևոր է սպիտակուցները կայուն պահելը: Այսինքն՝ ոչ մի դեպքում չի կարելի նիհարել առանց մսամթերքի և ձվի: Որովհետև առաջին նյութը ամինաթթուն է, որը ճարպը վերածում է մկանի, այդ ժամանակահատվածում թույլ չտալով, որ մարդը ճարպը կորցնելով կորցնի նաև իմունիտետը: Երբ ասում են, որ մարդն ունի բարձր իմունիտետ, դա նշանակում է, որ մարդու մոտ սպիտակուցային բալանսը կարևոր է»,-նկատում է դիետոլոգը:

 

Երրորդ կարևոր հանգամանքը բջջանքն է, որն իրենց մեջ պարունակում են բանջարեղենները՝ հատկապես հում  կամ թեթև ջերմամշակման ենթարկված , օրինակ՝ գրիլով պատրաստված:

 

Շախաթունին նշում է, որ հում վիճակում գլյուկոզայի քանակը տվյալ մթերքի մեջ քնած է: Անգամ բրոկկոլիի, դդմիկի, կաղամբի եփվելուց հետո գլյուկոզայի քանակն այդ մթերքների մեջ բարձրանում է, և դա վերածվում է մասնակի շաքար պարունակող մթերքի: Օրինակ՝ եփած բազուկը, գլյուկոզայի պարունակությամբ, գրեթե հավասար է խաղողին։

«Նիհարող մարդը պետք է ուտի շատ միս, ձու և հում բանջարեղեն՝ ոչ մի դեպքում չբացառելով հացը և քաղցրավենիքը: Պարզապես  ճիշտ հաց պետք է լինի, քաղցրավենիքն էլ բնական ու առանց քիմիական հավելումների»,-ասաց Շախաթունին:

 

Նա նաև նշեց, որ ածխաջրերի ավել կամ պակաս քանակը որոշվում է ելնելով մարդու քաշից։