ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերում պահանջելը նշանակում է արմատապես փչացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ. Սիլաեւ


ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերում պահանջելը նշանակում է արմատապես փչացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ. Սիլաեւ
Մայիս 29 13:29 2022

Կարծում եմ՝ այն իրավիճակը, որ հիմա կա Ղարաբաղում, երկար կտեւի։ Ինձ թվում է, որ բոլոր ներգրավված կողմերը դա հասկանում են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Նիկոլայ Սիլաեւը։

Նրա գնահատմամբ՝ մինչեւ Ուկրաինայում ռազմական գործողության ավարտը իրավիճակն էականորեն տեղաշարժելու փորձեր չեն լինի, այդ թվում նաեւ այն պատճառով, որ փետրվարի 24-ից հետո բոլորի համար խաղադրույքները շատ են աճել, առաջին հերթին՝ Ռուսաստանի համար։

«Սա այն նույն Ռուսաստանը չէ, որի հետ բոլորը գործ ունեին 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Ղարաբաղից խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերում պահանջելը նշանակում է արմատապես փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ես դա չէի սպասի:

Իհարկե, ռուսական ռազմական ներկայությունն այն տարածքում, որը Ադրբեջանը համարում է իրենը, շատ զգայուն է Ադրբեջանի համար։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետեւանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը չի բավարարում Հայաստանին, սակայն ցանկացած կայուն միջազգային կարգ միշտ լիովին չի գոհացնում բոլոր ներգրավված կողմերին։

Ես արմատական տեղաշարժեր չէի սպասի։ Ինձ թվում է, որ ստեղծված իրավիճակը կարող է երկար շարունակվել»,- ընդգծեց Սիլաեւը։

Նա նշեց, որ Ռուսաստանը շահագրգռված է լավ հարաբերությունների ամրապնդմամբ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, հատկապես, որ այժմ պատժամիջոցների պատճառով փոխվում է ողջ համաշխարհային լոգիստիկան։

«Նոր խթանը կարեւոր է տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համար, եւ այստեղ մեզ համար կարեւոր են լավ հարաբերությունները Հայաստանի եւ լավ հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Մեզ համար կարեւոր է հաղորդակցությունների ապաշրջափակումը, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը»,- եզրափակեց փորձագետը։



loading...