«Ռեալը» 14-րդ անգամ դարձավ ՉԼ-ի հաղթող


«Ռեալը» 14-րդ անգամ դարձավ ՉԼ-ի հաղթող
Մայիս 29 11:59 2022

Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում Չեմպիոնների լիգայի գավաթը վիճարկեցին «Լիվերպուլն» ու «Ռեալը»։ Մադրիդցիները հաղթեցին նվազագույն հաշվով։

Առաջին խաղակեսի վերջում Բենզեման բացեց հաշիվը, սակայն եզրային մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ։ Մրցավարական թիմը ստիպված եղավ դիմել VAR-ի օգնությանը։ Ի վերջո, որոշվեց չհաշվել գնդակը։

Խաղի 59-րդ րոպեին «Ռեալը», այնուամենայնիվ, բացեց հաշիվը. աջ եզրից Ֆեդերիկո Վալվերդեն անցավ մրցակցի խաղացողներին ու գնդակը փոխանցեց դարպասի ձախ եզրում գտնվող Վինիսիուսին, որն էլ գնդակն ուղարկեց դարպասը։ Հենց այս գոլն էլ հաղթական եղավ Անչելոտիի սաների համար։

Հարկ է նշել, որ ամբողջ խաղի ընթացքում փայլուն գործեց Տիբո Կուրտուան՝ չեզոքացնելով անգլիական թիմի բոլոր սպառնալիքները:

Արքայական ակումբն իր պատմության մեջ 14-րդ անգամ դարձավ ՉԼ-ի հաղթող՝ թարմացնելով իր իսկ բացառիկ ռեկորդը։ Մադրիդյան ակումբը վերջին 8 տարվա ընթացքում 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի լավագույն ակումբը։