Բաքուն ու Երևանը պատրաստ են նոր ճանապարհային քարտեզի, այլ ոչ թե լիարժեք խաղաղ համաձայնագրի․ Վաալ


Բաքուն ու Երևանը պատրաստ են նոր ճանապարհային քարտեզի, այլ ոչ թե լիարժեք խաղաղ համաձայնագրի․ Վաալ
Մայիս 14 12:22 2022

Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալն ընդգծում է, որ այսօր հայ-ադրբեջանական հակամարտությունն ունի բոլորովին այլ դիվանագիտական ձևաչափ: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:

Մինսկի խմբի ձևաչափը մեռած է, սակայն կարևոր է պահպանել նրա փաստաթղթային ժառանգականությունը, գտնում է նա: «Կարևոր է պաշտոնապես չհայտարարել այս ձևաչափի մահվան մասին, քանի որ Մինսկի խումբը ունի որոշակի գործառույթ: Այն ունի համատեղ հայտարարությունների պատմություն, այդ թվում երեք նախագահների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի։ Այսպիսով, առկա է փաստաթղթերի ժառանգականություն՝ կապված Մինսկի խմբի հետ, որը կարևոր է չկորցնել»,- պնդում է դե Վաալը:

Նրա կարծիքով, այսօր ՌԴ-ի ու ԵՄ հովանավորությամբ ձևաչափերն ընթանում են զուգահեռ, և Բրյուսելը չի ձգտում փոխարինել Մոսկվայի գործընթացը: «Այն, ինչ տրամադրում է ԵՄ-ը, մի փոքր այլ բան է: Այն նոր խաղացող է, որին, կարծում եմ, հատկապես դրական է վերաբերում ադրբեջանական կողմը: Այն կապված չէ անցյալի հետ: Նրանք ազնիվ միջնորդներ են, ովքեր չունեն տարածաշրջանում մեծ օրակարգ, ինչպես օրինակ ռուսները կամ Թուրքիան և Իրանը»,- պնդում է դե Վաալը:

 

Ըստ վերլուծաբանի՝ հակամարտող կողմերը պատրաստ չեն այսօր լիարժեք խաղաղության համաձայնագրի, այլ պատրաստ են նոր ճանապարհային քարտեզի, որը կարող է ուժի չկիրառման երաշխիք դառնալ: Դա հատկապես կարևոր է ԼՂ հայության համար, ասում է նա: Անդրադառնալով Վաշինգտոնի ներգրավվածությանը՝ դե Վաալը գտնում է, որ ԱՄՆ-ն այսօր փորձում է աջակցել այս ավելի չեզոք արևմտյան խաղաղ գործընթացին, որն, ըստ նրա, չի հակասում ՌԴ-ի հիմնական նպատակներին կամ 2020 թ. նոյեմբերի հրադադարի հայտարարությանը։