Ինչո՞ւ առաջ եկավ «անկլավների» հարցը, և ինչպե՞ս պետք է այն լուծել


Ինչո՞ւ առաջ եկավ «անկլավների» հարցը, և ինչպե՞ս պետք է այն լուծել
Մայիս 14 11:52 2022

«Փաստ» օրաթերթը գրում է

kommersant.ru-ն «Հայաստանն ու Ադրբեջանը գտել են տարաձայնության կետեր» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները մտել են վեճի մեջ, որն անմիջականորեն կապված չէ Լեռնային Ղարաբաղի հետ, սակայն, այնուամենայնիվ, վտանգում է դառնալ նոր լուրջ վեճի առարկա։ Դրա պատճառը այն անկլավային տարածքներն են, որոնք գոյություն են ունեցել խորհրդային տարիներին սահմանի երկու կողմերում, սակայն 1990-ականների սկզբին հակամարտության բռնկումից հետո դե ֆակտո անցել են այն պետությունների վերահսկողության տակ, որոնց տարածքները շրջապատում են դրանք:

 

Բացի ամենամեծ էքսկլավային տարածքից՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից, որի նկատմամբ Բաքուն երբեք չի կորցրել վերահսկողությունը, կան ևս հինգ նման անկլավներ։ Արծվաշեն գյուղը համարվում է Հայաստանի տարածքը, սակայն օկուպացված է ադրբեջանական զորքերի կողմից, իսկ Քյարքի, Բարխուդարլի, Յուխարի Ասկիպարա և Յարադուլլա գյուղերը եղել են ադրբեջանական, բայց հայկական ուժերի ձեռքին են։ Թեմային առաջինն անդրադարձել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 5-ին: «Անկլավների հարցը չի բարձրացվել,- ասել է նա՝ պատասխանելով Երևանի և Բաքվի միջև երկխոսության մասին հարցին,- և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում կան անկլավներ, որոնց տարածքը գրեթե հավասար է։ Հույս ունենք, որ հնարավոր լուծումը կլինի այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը թողնեն անկլավները երկրների տարածքներում այնպես, ինչպես կան»։

Մի քանի օր անց՝ մայիսի 10-ին, նույն թեմայով ելույթ է ունեցել Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։ «Այդ հողերը Ադրբեջանի տարածքն են,- ասել է նա՝ նկատի ունենալով Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական անկլավները,- այդ տարածքների վերադարձը Ադրբեջանին պահանջում է սահմանազատման գործընթացը։ Ուստի հարցը կդիտարկվի դրա շրջանակներում»։ Ի վերջո, անկլավների հարցը մեկնաբանել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, որն անսպասելիորեն հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում կան հայկական անկլավներ, իսկ Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավներ չկան։ «Այս պահին մենք չունենք որևէ իրավական հիմնավորում, որ Հայաստանում դե յուրե ադրբեջանական անկլավներ երբևէ եղել են։ Ընդհակառակը, Արծվաշեն գյուղը Հայաստանին պատկանելու իրավական հիմքեր կան։ Նույնը վերաբերում է Հայաստանին պատկանող մի շարք այլ տարածքներին, այդ թվում՝ Սոթք-Խոզնավար հատվածին»,- ասել է նա։

Նշենք, որ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսելում կայացած հանդիպման պայմանավորվածություններից էր մինչև ապրիլի վերջ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների ստեղծումը։ Կարելի է ասել, որ դա կատարվել է, բայց թե ե՞րբ կկայանա հանձնաժողովի առաջին նիստը, դեռ հայտնի չէ։ Ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը համոզված է, որ անկլավների վերաբերյալ հնարավոր որոշումների ցանկացած քննարկում մինչև մասնագիտացված հանձն ա ժ ո ղ ո վի աշ խ ա տան քի մեկ նար կ ը արդյունավետ չէ և կարող է խաթարել բանակցային գործընթացը։ «Ադրբեջանի համար կարևոր է, որ հանձնաժողովը, որի հարցը քննարկվել է և՛ Սոչիի, և՛ Բրյուսելի բանակցություններում, սկսի աշխատանքը,Kommersant-ին ասել է Մամեդովը,- հայկական կողմը, քննարկելով անկլավների ճակատագիրը, իրականում կասկածի տակ է դնում հանձնաժողովի աշխատանքը»:

Մեկ այլ ադրբեջանցի քաղաքագետ՝ Իլգար Վելիզադեն, մեկնաբանելով, ըստ էության, տարածքների փոխանակման հայկական գաղափարը, պնդել է նման գործարքի անարդարացի լինելը։ Փորձագետի կարծիքով, հայկական Արծվաշեն գյուղի և ադրբեջանական անկլավների տարբերությունն այն է, որ առաջինը ռազմավարական տեսանկյունից անօգուտ է, իսկ մյուսները վերահսկում են Հայաստանը Վրաստանի և Իրանի հետ կապող ճանապարհները և հաղորդակցությունները։ «Խաղաղ հարաբերությունների կառուցման առաջին փուլում այդ գյուղերում Ադրբեջանի ռազմական ներկայության ուժեղացումն անխուսափելի է,- ասել է Վելիզադեն Kommersant-ին,- ապագայում դա կախված կլինի կողմերի միջև վստահության աստիճանից:

Սակայն հարաբերությունների կարգավորումը, որին ձգտում է Բաքուն, ամեն դեպքում նշանակում է տարածքային ամբողջականության ամբողջական ճանաչում՝ ներառյալ թվարկված անկլավները»։

 

Ղարաբաղյան կարգավորման փորձագետ Թաթուլ Հակոբյանը Kommersant-ին ասել է, որ 1994 թվականից հետո, երբ կողմերը ստորագրեցին առաջին զինադադարը, ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր Ղարաբաղի վրա, իսկ անկլավների հարցը ընդհանրապես չի բարձրացվել, այն համարվել է լուծված։ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ադրբեջանական կողմը վերադարձավ այդ թեմային, քանի որ ցանկանում է լրացուցիչ լծակներ ունենալ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար և ստիպել նրան որոշակի զիջումների գնալ, - ասել է Հակոբյանը, - Ադրբեջանում լավ են հասկանում Հայաստանի համար այս տարածքների նշանակությունը, դրանցով ճանապարհներ են անցկացվել, կապ է ապահովվել Վրաստանի և Իրանի հետ»։

Kommersant-ի հայաստանյան մեկ այլ զրուցակից` Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշել է, որ երկու երկրների սահմանին անկլավների վերականգնումն անխուսափելիորեն կհանգեցնի նոր հակամարտությունների։

«Կարծում եմ, որ սահմանազատման գործընթացը պետք է հիմնված լինի այն բանի վրա, որ սահմանը արդյունքում չդառնա լարվածության պատճառ,- ասել է նա, - ԽՍՀՄ-ի օրոք այդ սահմանը ոչինչ չէր փոխում բնակչության կյանքում, բայց նույնիսկ այն ժամանակ թյուրիմացություններ են եղել: Այժմ, երբ կողմերը վերապրել են տարիների հակամարտություն, ցանկացած անկլավ անխուսափելիորեն խնդիրների աղբյուր է դառնալու: Այդ հարցը պետք է վերացվի տարածքային այնպիսի փոխանակումների միջոցով, որը չի ենթադրում այս կամ այն կողմից զիջում»։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում