ՀԱՅ ՄԱՐՇԱԼ, ում շնորհիվ Խորհրդային զորքերը հաղթանակ տարան. ՆԱ սեփական կյանքի գնով փրկեց նաև Չեռնոբիլի աղետից տուժածներին


ՀԱՅ ՄԱՐՇԱԼ, ում շնորհիվ Խորհրդային զորքերը հաղթանակ տարան. ՆԱ սեփական կյանքի գնով փրկեց նաև Չեռնոբիլի աղետից տուժածներին
Ապրիլ 30 21:06 2022

 

Հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել այդ հաղթանակի մեջ: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ: Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման է արժանացել 105 հայ, ընդ որում՝ երկուսն արժանացել են կրկնակի հերոսի կոչման: 27 հայեր դարձել են Փառքի շքանշանի ասպետներ: Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին ժամանակ տվել է 64 գեներալ, 5 մարշալ:

Խորհրդային միության հայ մարշալներից էր Սերգեյ Քրիստափորի Ագանովը: Նա ծնվել է 1917 թ.  հունիսի 4­-ին Աստրախանում`ազգությամբ հայ Քրիստափոր Ագանովի և ռուս դերասանուհի­-երգչուհի Մարիա Ֆրոլովայի ընտանիքում: Նրա ազգականները հորական գծով սերում են Արցախից:

1938թ. Սերգեյ Ագանովը ընդունվում է Մոսկվայի ռազմաինժեներական բարձրագույն ուսումնարան, որը գերազանցությամբ ավարտելով` դառնում է ինժեներական զորքերի սպա: 1940թ. հունվարի 31­-ին Սերգեյ Ագանովը ստանում է լեյտենանտի կոչում և նշանակվում Լենինգրադյան զինվորական օկրուգի սակրային դասակներից մեկի հրամանատար: Երիտասարդ հրամանատարն ակտիվորեն մասնակցում է խորհրդա­ֆիննական պատերազմին: Տեսնելով Ագանովի տաղանդը` նրան նշանակում են սակրային վաշտի հրամանատար: Հայրենական մեծ պատերազմի սկզբնական շրջանում՝ մինչև 1942թ. նոյեմբերը, Սերգեյ Ագանովը որպես 257­-րդ սակրային գումարտակի սակրային վաշտի հրամանատար, ապա՝ գումարտակի շտաբի պետ սկզբում մարտնչում էր Լենինգրադյան, ապա Վոլխովյան ռազմաճակատներում:

 

1942թ. նոյեմբերին նա դառնում է Կարմիր բանակի ինժեներական զորքերի շտաբի արգելափակոցների ու ականափակոցների բաժնի պետի օգնական, իսկ 1943թ. հոկտեմբերին` շտաբի օպերատիվ բաժնի պետի օգնական: 1944թ. հոկտեմբերի 31­-ին նրան շնորհվել է փոխգնդապետի կոչում: Ագանովը դառնում է Կարմիր բանակի ինժեներական զորքերի շտաբի օպերատիվ բաժնի պետի ավագ օգնական, որը նա վարում է մինչև պատերազմի ավարտը: Մարշալը մեծ ներդրում ունեցավ հատկապես ինժեներական զորքերի սպառազինության նորացման և արդիականացման ասպարեզում:

Որպես պետական հանձնաժողովի անդամ`1986 թվականի ապրիլին Ագանովը, վտանգի ենթարկելով սեփական առողջությունը, անձամբ ղեկավարել է ինժեներական զորքերի աշխատանքը Չերնոբիլի ատոմային էլեկտրակայանների աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ: Վտանգի ենթարկելով կյանքը՝ նա մի քանի անգամ եղել է Աֆղանստանում, անձամբ ղեկավարել ինժեներական զորքերի մարտական գործողությունները: 1987թ. մարտից մինչև իր կյանքի վերջը ինժեներական զորքերի մարշալ Ագանովն աշխատում էր ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչների խմբում: 1992թ. Ագանովը թոշակի է անցնում: Հայ ժողովրդի տաղանդավոր զորավարը երկարատև ու ծանր հիվանդությունից հետո մահացել է 1996 թվականի փետրվարի 1-­ին` Մոսկվայում: