Ջոնսոնը չի կարծում, որ Պուտինն Ուկրաինայում միջուկային զենք կկիրառի


Ջոնսոնը չի կարծում, որ Պուտինն Ուկրաինայում միջուկային զենք կկիրառի
Ապրիլ 27 10:27 2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հերքել է այն մտավախությունները, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մարտավարական միջուկային հարված հասցնել, եթե իր ուժերը անհաջողություն ունենան Ուկրաինայում, գրում է itv.com-ը:

 

Որոշ վերլուծաբաններ նախազգուշացրել են, որ Պուտինը կարող է օգտագործել ցածր արտադրողականության միջուկային զինանոցը, եթե մարտի դաշտում իրավիճակը չբխի ՌԴ շահերից:

 

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հայտարարել էր, որ միջուկային պատերազմի ռիսկերն այժմ շատ իրական են, այդ վտանգը չի կարելի թերագնահատել, կան շատերը, որոնք պատրաստ են արհեստականորեն ուռճացնել այդ սպառնալիքը: Նա հիշեցրել էր, որ հունվարին «միջուկային հնգյակի» երկրները վերահաստատել են այդ զենքերի կիրառման անթույլատրելիության մասին թեզը։

 

TalkTV-ին տված հարցազրույցում վարչապետը նաև ասել է, որ Մեծ Բրիտանիան չի ցանկանում, որ պատերազմը «տարածվի Ուկրաինայի սահմաններից դուրս», և հերքել է Մոսկվայի պնդումները, թե Արևմուտքը հակամարտություն է վարում Ռուսաստանի հետ:

 

Ջոնսոնն ասել է, որ «շատ, շատ կարևոր է, որ մենք չընդունենք այն ձևը, որով ռուսները փորձում են ներկայացնել այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում»:

 

«Նրանք փորձում են սա որակել որպես հակամարտություն Ռուսաստանի և Արևմուտքի, կամ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև: Դա այդպես չէ», - ասել է նա: