Ընկերության խորհդանիշն է, ոչ թե «գորշ գայլերի»․ ԵԽԽՎ-ում թուրք պատվիրակը փորձել է արդարացնել Չավուշօղլուի ժեստը (տեսանյութ)


Ընկերության խորհդանիշն է, ոչ թե «գորշ գայլերի»․ ԵԽԽՎ-ում թուրք պատվիրակը փորձել է արդարացնել Չավուշօղլուի ժեստը (տեսանյութ)
Ապրիլ 26 16:27 2022

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը։ Երեկվա լիագումար նիստի ընթացքում բանավեճ է տեղի ունեցել հայ, ադրբեջանցի և թուրք պատվիրակների միջև։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, հիշեցրել, որ Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը՝ Ապրիլի 24-ին, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն «Գորշ գայլերի» նշանն է ցույց տվել Ուրուգվայում Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող խաղաղ ցույցի մասնակիցներին։ Վարդանյանի խոսքով՝ այս պահվածքը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, երկու երկրների հասարակությունների միջև վստահության կառուցմանը։ Ըստ նրա՝ անընդունելի է, որ ԵԽԽՎ նախկին նախագահը իրեն թույլ է տվել նման արմատական ժեստ անել:

Սրան հաջորդել է Թուրքիայի պատվիրակության անդամ Կամիլ Այդինի ելույթը, որը փորձել է արդարացնել Չավուշօղլուի ժեստը: Նա ասել է, որ Վարդանյանի մեղադրանքն անհիմն է, քանի որ այդ ժեստը կիրառում է Թուրքիայի գրեթե ամեն քաղաքացի, յուրաքանչյուր քաղաքական ուժ և որ այն թուրքական մշակութային ժառանգությանն է պատկանում, ընկերության խորհդանիշն է:

Այդինին հաջորդել է հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի ելույթը, որում քաղաքական գործիչն անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանը, 2020 թվականի պատերազմից հետո Արցախում հայ ժողովրդի առաջ ծառացած երկընտրանքին՝ շարունակել ընթանալ անկախ զարգացման և արժանապատիվ կյանքի ճանապարհով՝ պահպանելով ազգային ինքնությունը, կամ կրկնել հայրենակիցների սարսափելի ճակատագիրը, որոնք ժամանակին ապրել են ներկայում Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանում:

Իր ելույթի վերջում Գևորգյանը ևս անդրադարձել է Չավուշօղլուի ժեստին՝ հայտարարելով, որ Նման պահվածքը պետք է անընդունելի լինի և դատապարտվի Եվրոպայի խորհրդի կողմից։

«Կոչ եմ անում Թուրքիայի ներկայացուցիչներին նույն ջանասիրությամբ լծվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործին»,-ասել է նա։

Տեսանյութը կարող եք դիտել 53-րդ րոպեից: