Շոյգուն Պուտինին զեկուցել է Մարիուպոլի «ազատագրման» մասին


Շոյգուն Պուտինին զեկուցել է Մարիուպոլի «ազատագրման» մասին
Ապրիլ 21 12:32 2022

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ուժերն «ազատագրել են» Մարիուպոլ քաղաքը։ Այդ մասին հինգշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է ՌԴ պաշտպանության բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից:

 

«Մարիուպոլն «ազատագրվել» է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ուժերի կողմից»,- ասել է Շոյգուն։

 

 

Նրա խոսքով՝ ազգայնական կազմավորումների մնացորդները ապաստանել են Ազովստալ գործարանի արդյունաբերական գոտում։

 

«Այսօր ամբողջ Մարիուպոլը գտնվում է ռուսական բանակի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական աշխարհազորայինների վերահսկողության տակ, իսկ Ազովստալ գործարանի տարածքը, որտեղ տեղակայված են ազգայնականների և օտարերկրյա վարձկանների մնացորդները ապահով արգելափակված է»,-ասել է նա։

 

Շոյգուն ասել է, որ ռուսական զորքերին երեք-չորս օր է անհրաժեշտ Ազովստալում աշխատանքները ավարտելու համար։

 

______

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

 

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

 

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։