Ուկրաինան չի կարող պատերազմում պարտվել ռուսներին, քանի որ գինը չափազանց բարձր է։ Այս կարծիքը սոցցանցի իր էջում հայտնել է ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն։
Նա նաև վստահություն է հայտնել, որ ուկրաինացի ժողովուրդը կհաղթի «Պուտինի հորդային»։
«Մենք չենք կարող պարտվել այս պատերազմում, այլապես կկորցնենք մեր ինքնիշխանությունն ու ազատությունը։ Մենք կկորցնենք ամեն ինչ, ինչպես և Եվրոպան։ Մենք պետք է պաշտպանվենք, հաղթելու ենք»,- գրել է Կլիչկոն Instagram-ում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:
Հաղթելու ենք. Վլադիմիր Կլիչկոն վստահ է, որ ուկրաինացի ժողովուրդը կհաղթի «Պուտինի հորդային»










