120 զրահամեքենա և հականավային հրթիռներ. Բրիտանիայի նոր օգնությունը Ուկրաինային


120 զրահամեքենա և հականավային հրթիռներ. Բրիտանիայի նոր օգնությունը Ուկրաինային
Ապրիլ 10 10:50 2022

Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային նոր ռազմական օգնություն է խոստացել, որը ներառում է զրահատեխնիկա և հականավային սպառազինություն։ Տեղեկանում ենք Украинская правда-ից։

 

Նշվում է, որ Ջոնսոնը Կիև է ժամանել շաբաթ օրը չհայտարարված այցով՝ հանդիպելու Զելենսկու հետ։

 

 

Բորիս Ջոնսոնը Ուկրաինային ռազմական օգնություն է առաջարկել 120 զրահամեքենայի և նոր հականավային հրթիռային համակարգերի տեսքով՝ Ուկրաինային աջակցելու այս կրիտիկական պահին։

 

Ուկրաինայի Կառավարությունն ընդգծել է, որ այս օգնությունը նոր է։

 

 

Ջոնսոնը նաև վերահաստատել է Ուկրաինայի տնտեսական աջակցությունը՝ երաշխավորելով Համաշխարհային բանկի ևս 500 մլն դոլարի վարկեր Ուկրաինային։ Մեծ Բրիտանիան նաև տրամադրել է 394 միլիոն ֆունտ ստերլինգ՝ ուկրաինացիների համար կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական ծառայությունների շարունակական գործունեությունը ապահովելու համար:

 

_________

 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

 

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

 

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։