Էրդողանը հայտարարել, թե ԼՂ տարածքից հայկական զորքը պետք է դուրս բերվի


Էրդողանը հայտարարել, թե ԼՂ տարածքից հայկական զորքը պետք է դուրս բերվի
Մարտ 31 17:04 2022

Լեռնային Ղարաբաղի տարածքից պետք է դուրս հանվեն հայկական զինված ստորաբաժանումները։ NTV Turk-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուզբեկստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Պետք է ապահովել Ադրբեջանի միջազգային ճանաչված տարածքից Հայաստանի զինված ստորաբաժանումների դուրս բերումը»,- Ուզբեկստանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է Էրդողանը։

Ավելին՝ պնդել է, թե Ադրբեջանը գործում է եռակողմ հայտարարությունների համաձայն, ուստի Ադրբեջանի կողմից խախտման վերաբերյալ որևէ հայտարարություն քննարկելի չէ։ Ինչ վերաբերում է ադրբեջանական զորքի ներխուժմանը Լեռնային Ղարաբաղի տարածք՝ Էրդողանը նշել է, թե Ադրբեջանի գործողությունները կրել են պաշտպանողական բնույթ՝ «Աս դեպքում հարցն Ադրբեջանի վրա հարձակումն է, որին ի պատասխան հետևել է պաշտպանություն»,- հայտարարել Է Էրդողանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով եռակողմ հայտարարության պահանջները, մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, գրավել գյուղն ու առաջացել Քարագլուխ ռազմավարական բարձունքի ուղղությամբ։ Նրանց առաջխաղացումը կասեցրել են ռուս խաղաղապահները, ու բանակցություններ են ընթանում նրանց ելման կետ վերադառնալու ուղղությամբ։

Ընդ որում, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, կիրառել են ոչ միայն հրաձգային զինատեսակներ, այլ նաեւ հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով մարտի 26-ի դրությամբ՝ հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող։

Առ այսօր՝ ադրբեջանական զորքը շարունակում է մնալ Քարագլխի տարբեր հատվածներում։