Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան գիշերը խոցել է Ուկրաինայի 62 ռազմական թիրախ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ-ը.
«Գիշերը օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան հարվածներ է հասցրել Ուկրաինայի 62 ռազմական օբյեկտների։ Դրանց թվում են երեք հրամանատարական կետեր, հրթիռային և հրետանային զինատեսակների երկու պահեստ և մեկ վառելիքի պահեստ, ինչպես նաև ռազմական տեխնիկայի կուտակման 52 օբյեկտ»,- ասաց նա։
ՌԴ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ռուսական զինված ուժերը ոչնչացրել են 207 անօդաչու թռչող սարք, 1467 տանկ և 148 բազմակի հրթիռային կայան.
«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 207 անօդաչու թռչող սարք, 1467 տանկ և այլ զրահատեխնիկա, 148 բազմակի հրթիռահրետանային կայան, 573 դաշտային հրանոթ և ականանետ, ինչպես նաև 1262 միավոր հատուկ ռազմական տեխնիկա», - ասել է Կոնաշենկովը:










