|
Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը հայտարարել է, որ իր երկիրը չի դառնա Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների և նրանց դաշնակիցների կողմից սահմանված պատժամիջոցները շրջանցելու միջոց։ Համապատասխան հայտարարությունը մարտի 14-ին հրապարակել է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Իսրայելը շրջանցիկ ճանապարհ չի լինի Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և արևմտյան երկրների կողմից կիրառվող պատժամիջոցների համար։ Այս հարցը համակարգում է արտաքին գործերի նախարարությունը՝ Իսրայելի բանկի, Ֆինանսների, Էկոնոմիկայի, Էներգետիկայի նախարարությունների, Օդանավակայանների վարչության և այլ կառույցների մասնակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Լապիդի՝ իր սլովակ գործընկերոջ՝ Իվան Կորչոկի հետ հանդիպումից հետո։ Նախարարը նաև նշել է, որ Իսրայելը կանի ամեն ինչ, որպեսզի օգնի հրադադարի հաստատման և խաղաղության վերականգնմանն ուղղված ջանքերին։ Նրա խոսքով՝ Թել Ավիվն ու Բրատիսլավան արդեն համագործակցում են Ուկրաինայի տարածք հումանիտար օգնություն ուղարկելու հարցում։ |










