Մարիուպոլից ոչ ոք չի կարողանում դուրս գալ. Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը՝ տիրող վիճակի մասին


Մարիուպոլից ոչ ոք չի կարողանում դուրս գալ. Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը՝ տիրող վիճակի մասին
Մարտ 14 16:43 2022

Ռուս-ուկրաինական հակամարտության 19-րդը օրը՝ մարտի 14-ին, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է Ռուսաստանի հետ բանակցությունների 4-րդ փուլի մեկնարկի մասին:

«Բանակցություններ, չորրորդ փուլ՝ խաղաղության, կրակի դադարեցման, զորքերի անհապաղ դուրսբերման և անվտանգության երաշխիքների մասին: Բարդ խոսակցություն»,- այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Պոդոլյակը:

Նա նաև հայտնել է, որ բանակցություններն ընթանալու են տեսակոնֆերանսի ձևաչափով:

Լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր ավերվել է Էներգոդարը Զապորոժիեին կապող ավտոմայրուղու վրա կառուցված կամուրջը, և այլևս ուղիղ կապ չկա Էներգոդարի և մարզկենտրոնի միջև, այդ թվում՝ նաև հումանիտար օգնության տեղափոխման և բնակիչների տարհանման համար։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայությունը հայտարարել է, որ Կիևի բնակելի շենքի վրա հրթիռի ընկնելու հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել՝ 12-ը։

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք մարդիկ կարողանո՞ւմ են Մարիուպոլից դուրս գալ, հայերը փաստաթղթերի հետ խնդիրներ ունեին, արդյոք դրանք լուծվեցի՞ն, թե՞ ոչ, նույնը՝ նաև դեղորայքի, սննդի հարցերի դեպքում:

«Բոլոր տեղերում էլ իրավիճակը ծանր է, կան մի շարք խնդիրներ: Մարիուպոլից ոչ ոք չի կարողանում դուրս գալ, իսկ փաստաթղթերի պահով 2-3 հյուպատոսական կետեր են աշխատում՝ Օդեսայում, Լվովում, Ուժգորոդում: Հայաստանի քաղաքացիները բոլոր թղթերը ստանում են: Ինչ վերաբերում է դեղորայքին և սննդին, ապա ոչ բոլոր տեղերում է այդ հարցը լուծվել: Ավելին, այն քաղաքներում, որտեղ դեղորայք և սնունդ է ներմուծվել, էլի խնդիր ունեն»,- նշեց Դավիթ Մկրտչյանը:

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահն ասաց նաև, որ նրանք, ովքեր դուրս են գալիս Ուկրաինայից, չգիտեն՝ գալիս են Հայաստա՞ն, թե՞ այլ երկիր: