Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդն Արցախում գազատարի վթարմամբ պայմանավորված հումանիտար աղետի վրա Ռուսաստանի ուշադրությունը հրավիրելու նպատակով նամակ է հղել Ռուսաստանի ղեկավարությանը։
Նամակում, որը հրապարակել է «Ռուսաստան-Արցախ բարեկամության միությունը», մասնավորապես, ասված է․
«Ռուսաստանի դաշնության, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ ուժերի ղեկավարության ուշադրությունն ենք հրավիրում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մեղքով առաջացած հումանիտար աղետի վրա։ Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղում հաճախակիացել է հայկական գյուղերի գնդակոծությունը։ Ադրբեջանական կողմը պայթեցրել է գազատարը։
Արդեն գրեթե մեկ շաբաթ է՝ Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը զրկված է բնական գազից, ջեռուցան հնարավորությունից, սկսել են խնդիրներ առաջանալ նաև էլեկտրամատակարարման հետ կապված՝ այն էլ ձմեռվանից դեպի գարուն անցումային ժամանակահատվածում, երբ բավականին ցուրտ եղանակ է։
Ադրբեջանական կողմը ցուցադրաբար անտեսում է խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ռուս խաղաղապահների բոլոր փորձերը։
Դատելով այդ ամենից՝ Ադրբեջանի իշխանությունները, թուրքական և ուկրաինական կողմերի հրահրմամբ, պատրաստ են, օգտվելով Ուկրաինայում առկա ռազմական կոնֆլիկտից, Կովկասում ստեղծել լարվածության նոր օջախ, որպեսզի Ռուսաստանի ուշադրությունը շեղելով՝ «երկրորդ ճակատ» բացեն։ Նման բարդ իրավիճակում որոշ ադրբեջանամետ ուժեր Ռուսաստանում փորձում են լրատվամիջոցների միջոցով սևացնել Հայաստանին՝ տարածելով կեղծ հաղորդագրություններ։ Այդուհանդերձ, նրանք միատումնավոր «չեն նկատում», որ Ռուսաստանի բազմամիլիոնանոց հայկական սփյուռքը բազմիցս է հայտնել իր ամբողջական և գործնական աջակցությունը ՌԴ նախագահ Պուտինի քաղաքականությանը՝ ուղղված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակչության իրավունքների պաշտպանությանը։
Անհրաժեշտ ենք համարում նաև նշել, որ Արցախի իշխանությունները 2022թ․ փետրվարի 22-ին պաշտոնապես ողջունել են ՌԴ կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը։
Պաշտոնական Բաքուն կոպտորեն խախտում է պարտավորվածությունները, որոնք ստանձնել է 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որի հիման վրա Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են ռուական խաղաղապահ ուժեր։
Հումանիտար աղետի վերացման նպատակով Ռուսաստանի դաշնության ղեկավարությանը կոչ ենք անում ձեռնարկել անհրաժեշտ բոլոր գործողությունները, որոնք բխում են 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջներից, ինչպես նաև համապատասխանում են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի պարտականություններն ու իրավունքները սահմանող ՌԴ նախագահի հրամաններին։
Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը կոչով դիմում է ՌԴ ղեկավարությանը, ՌԴ պաշտպանության նախարարությանը և ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությանը՝ կոշտ կամք դրսևորել և կանխել Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման բոլոր փորձերը։
Խնդրում ենք Ձեզ, անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ռուսական խաղաղապահ զորախումբը նպաստի, որ հնարավորինս արագ վերականգնվի գազամատակարարումն Արցախում։ Նաև հորդորում ենք միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից հայկական խաղաղ բնակավայրերի գնդակոծությունը։
Մենք համերաշխ են ՌԴ-ի հետ և ցանկանում ենք ամենայն բարիք»,-ասված է ռուս-հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի գրության մեջ։










