Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել պետական պարտքով ստանձնած պարտավորությունների կատարումից, հայտարարել է ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը՝ մանրամասնելով, որ ՌԴ-ն պետական պարտքը կվճարի ռուբլով, քանի դեռ Արևմուտքը չի չեղարկել երկրի ոսկեարժութային պահուստների սառեցումը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսական բանկերն այժմ բարդ իրավիճակում են հայտնվել նոր պատժամիջոցների պատճառով, ասել է Սիլուանովը, սակայն կապիտալի պահուստները թույլ են տալիս գործել նույնիսկ սահմանափակումների պայմաններում: «Երկրի ներսում բոլոր վճարումները կատարվում են և կշարունակեն կատարվել։ Սահմանափակումներ կլինեն օտարերկրյա գործընկերների հետ հաշվարկներում։ Բայց կարծում եմ, որ մեր վարկային կազմակերպությունները նույնիսկ այս պայմաններում կվերակազմակերպեն իրենց աշխատանքը»,- ասել է նա՝ հավելելով, որ պետությունն ամեն ինչ կանի բանկերին օգնելու համար։










