Վրաստանում սննդամթերքի պակաս չի լինի՝ չնայած Ռուսաստանից և Ուկրաինայից մատակարարումների դադարեցմանը, կիրակի օրը լրագրողներին ասել է փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին։
«Վրաստանը ներկայում ունի հացահատիկի, ինչպես նաև այլ ապրանքների երկամսյա պաշար։ Հացահատիկը մեզ մոտ բերվում էր Ռուսաստանից և այլ երկրներից: Բարեբախտաբար, Վրաստանի դիրքն այնպիսին է, որ մենք կարող ենք հացահատիկ գնել այլ երկրներից, օրինակ՝ Ղազախստանից, սակայն այսօր Ռուսաստանից Վրաստան հացահատիկի արտահանումն արգելված չէ»,- ասել է Դավիթաշվիլին։
Միաժամանակ նա նշել է, որ Վրաստանը մշտապես հացահատիկ է ստանում ԱՄՆ-ից և ԵՄ երկրներից։
«Ներկայում արգելված է բազմաթիվ ապրանքների արտահանումը Ռուսաստանից Վրաստան, մենք դրանք կփոխարինենք Չինաստանից և այլ երկրներից բերված ապրանքներով»,- ասել է Դավիթաշվիլին։
Խոսելով վերջին օրերին Վրաստանում շաքարավազի և բուսական յուղի սպառողական պահանջարկի մասին՝ նախարարը նշել է, որ այս ոլորտներում նույնպես խնդիրներ չկան։
«Բնակչության կողմից այդ ապրանքների խուճապային գնումներ են եղել, բայց մենք ունենք անհրաժեշտ պաշար»,- ասել է փոխվարչապետը։
Նա չբացառեց, որ բնակչության շրջանում խուճապ է տարածվել Վրաստանի ներսում գործող որոշակի ապակառուցողական ուժերի կողմից։










