Խարկովում ծայրահեղ ծանր իրավիճակ է. գնացք մուտք գործելու առաջնահերթությունը տրվում է կանանց և երեխաներին


Խարկովում ծայրահեղ ծանր իրավիճակ է. գնացք մուտք գործելու առաջնահերթությունը տրվում է կանանց և երեխաներին
Մարտ 2 18:12 2022

Խարկովում ծայրահեղ ծանր իրավիճակ է՝ ռմբակոծել են բոլոր բնակելի թաղամասերն ու շենքերը, կենտրոնը, ադմինիստրատիվ կառույցները: Բնակչությունը «պանիկայի» մեջ է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ մարդիկ ամեն գնով փորձում են դուրս գալ քաղաքից, ինչի հետևանքով գոյացել են կմ-երով խցանումներ, և նրանք ժամերով մնում են դրա մեջ.

«Անհատները ևս իրենց մեքենաներով մարդկանց են տարհանում քաղաքից, այսօր արդեն ավելի մեծ թափ է ստացել բնակչության կողմից քաղաքը լքելը»,- ասաց նա հավելելով, որ մարդիկ կարող են անարգել լքել քաղաքը անձնագրերի առկայության դեպքում, ինչպես նաև վստահ լինելուց հետո, որ այդ ճանապարհներն անվտանգ են

Հետաքրքրվեցինք, թե ինչ ուղղություններով են գնում Խարկովի բնակիչները, Համլետ Հովհաննիսյանը պատասխանեց, որ հիմնականում ուղևորվում են Ուկրաինայի արևմտյան հատված:

Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ Խարկովից այժմ սկսել է նաև գործել գնացքը, որի ուղղությունը դեպի Լվով քաղաքն է. «Մեծ հերթեր կան նաև այնտեղ, սակայն գնացք մուտք գործելու առաջնահերթությունը տրվում է կանանց և երեխաներին»,- ընդգծեց Համլետ Հովհաննիսյանը:

Զվարթ Պետրոսյան