Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը չի ենթարկվի ռուսական «վերջնագրերին», բայց պատրաստ է բանակցությունների։ Այս մասին հայտնում է Ռիա նովոստին։
«Այժմ մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց պատրաստ չենք ընդունել ռուսական որևէ վերջնագիր։ Ուկրաինան հավատում է դիվանագիտությանը և պատրաստ է ռազմական հակամարտության դիվանագիտական կարգավորմանը։ Երբ տեղի կունենան հաջորդ բանակցությունները, այս պահին հայտնի չէ»,-ասել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ փետրվարի 28-ին, բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Որպես հանդիպման վայր ընտրվել էր Բելառուսի տարածքը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ ուկրաինական կողմն ԱՄՆ-ի թելադրանքով ձգձգում է բանակցությունները:










