|
Ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի հետ առանց նախապայմանների սկզբունքով կհանդիպի Բելառուսի հետ սահմանին՝ Պրիպյատ գետի տարածքում։ Այս մասին հայտնում է Пул Первого թելեգրամ-ալիքը։ «Ալեքսանդր Լուկաշենկոն զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին։ Քաղաքական գործիչները պայմանավորվել են, որ ուկրաինական պատվիրակությունն առանց նախապայմանների կհանդիպի ռուսական պատվիրակության հետ ուկրաինա-բելառուսական սահմանին՝ Պրիպյատ գետի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հաղորդվում է, Լուկաշենկոն պատասխանատվություն է ստանձնել, որ ճանապարհորդության, բանակցությունների և վերադարձի ընթացքում բոլոր ինքնաթիռները, ուղղաթիռները և հրթիռները, որոնք տեղակայված են Բելառուսի Հանրապետության տարածքում, օդ չեն բարձրանա։ Հանդիպման վայրի մասին տեղեկությունը հաստատել են նաև Զելենսկու գրասենյակից։ |










