Դոնեցկի ժողովրդական ինքնահռչակ հանրապետության Կրթության նախարարությունը կարգադրել է դադարեցնել ուսումնական գործընթացը հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Կապված հանրապետության տարածքում իրավիճակի կտրուկ սրացման հետ, սովորողների, ուսումնական հաստատությունների աշխատակիցների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգներով պայմանավորված՝ հրամայում եմ դադարեցնել ուսումնական գործընթացը բոլոր ուսումնական հաստատություններում 2022թ․ փետրվարի 19-ից մինչև կլինի հատուկ կարգադրություն»,-ասված է նախարարության հրապարակած փաստաթղթում։
Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Ուկրաինայի արևելքում՝ շփման գծում տիրող իրավիճակը սրվել է հինգշաբթի առավոտյան։
Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել են վերջին ամիսներին Ուկրաինայի կողմից ամենաակտիվ գնդակոծության մասին, որի հետևանքով մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել։
Ուրբաթ օրը Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական ինքահռչակ հանրապետությունների ղեկավարները՝ Լեոնիդ Պասեչնիկը և Դենիս Պուշիլինը, պայմանավորված ռազմական գործողությունների սպասվող ակտիվացմամբ, հայտարարել են քաղաքացիենրին ՌԴ տարհանելու մասին։ Այսօր երկու հանրապետություններում հայտարարվել է համըդհանուր մոբիլիզացիա։










