Պորտուգալացի կենտրոնական պաշտպան Պեպեն պայմանագիր է ստորագրել Թուրքիայի չեմպիոն «Բեշիկթաշի» հետ: Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները: Ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալից» թուրքական թիմ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: Նրա պայմանագիրը նախատեսված է 2 տարվա համար եւս 1 տարի երկարաձգելու հնարավորությամբ: Պեպեի տարեկան աշխատավարձը կազմելու է 4,5 մլն եվրո:
Պորտուգալացին Մադրիդի «Ռեալ» էր տեղափոխվել 2007 թվականին: «Արքայական ակումբի» կազմում 3 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ հաղթել է գավաթի խաղարկությունում, 2 անգամ՝ Սուպերգավաթում, 3 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, 1 անգամ՝ Եվրոպայի սուպերգավաթակիր, 2 անգամ էլ հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում:
Թուրքիայի չեմպիոնի կազմում է հանդես գալիս նաեւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:










