Թուրքիայի իշխանությունները նոր արշավ են սկսել՝ «Թյուրքիե» բառը որպես երկրի անվանում քարոզելու համար


Թուրքիայի իշխանությունները նոր արշավ են սկսել՝ «Թյուրքիե» բառը որպես երկրի անվանում քարոզելու համար
Փետրվար 18 15:16 2022

Թուրքիայի նախագահի վարչակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը նոր քարոզարշավ է սկսել Say Türkiye (աս «Թյուրքիե») անունով՝ խթանելու համար Türkiye (Թուրքիա) բառը որպես երկրի միջազգային անվանում. հայտնում է Milliyet թերթը։ 

Say Türkiye-ն Hello Türkiye («Բարև, Թուրքիա») արշավի երկրորդ փուլն է, որի շրջանակներում սոցիալական ցանցերում գովազդ է հրապարակվել․ Թուրքիայի տարբեր շրջաններից օտարերկրյա զբոսաշրջիկները գրառումներ են արել՝ նշելով Hello Türkiye արտահայտությունը։ Տեսանյութեր են հրապարակվել #helloTürkiye հեշթեգով։

Քարոզարշավի նոր փուլի նպատակը Türkiye անվանումը նոր ուղղություններով էլ ավելի խթանելն է։ Նախ՝ թուրքական ապրանքների վրա նման անվանում պետք է լինի։ Համապատասխան նամակը՝ նոր միջազգային անվանմանն աջակցելու խնդրանքով, Հասարակայնության հետ կապերի վարչությունն ուղարկել է Թուրքիայի Առևտրականների և արհեստավորների համադաշնությանը (TESK): Երկրորդ՝ պետական կառույցներից պահանջվելու է իրենց կայքերում և սոցիալական ցանցերում օգտագործել միայն երկրի անվանումը՝ «Türkiye»։ Երրորդ՝ Հասարակայնության հետ կապերի գրասենյակը կապ է հաստատել համաշխարհային սոցիալական մեդիա հարթակների ներկայացուցիչների հետ՝ խնդրելով օգտագործել միայն այդ անվանումը:

Say Türkiye արշավի վերջնական նպատակն է համաշխարհային որոնման համակարգերում երկրի անվանումը դարձնել «Թյուրքիե», ինչպես նաև այնպես անել, որ հենց այս անունը կիրառեն այն ընկերությունները և հաստատությունները, որոնք ունեն կայքեր կամ սոցիալական ցանցեր օտար լեզուներով։ Երկարաժամկետ հեռանկարում սպասվում է երկրի անվան փոփոխություն անձնագրերում և ինքնության քարտերում։

Նշենք, որ անգլերենով turkey բառը, բացի նույնանուն պետության անվանումից, նշանակում է նաև հնդկահավ: