ՀՀ-ն Թուրքիայի թիվ մեկ թշնամին է՝ ըստ թուրքական սոցհարցումների. քաղաքագետ


ՀՀ-ն Թուրքիայի թիվ մեկ թշնամին է՝ ըստ թուրքական սոցհարցումների. քաղաքագետ
Փետրվար 18 15:04 2022

Ռուսաստան-Արևմուտք լարվածությունը գնալով մեծանում է, բայց հստակ չենք կարող ասել ռազմական բախումը կվերածվի՞ լայնածավալ պատերազմի, թե՞ ոչ. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Միքաելյանը՝ անդրադառնալով Արևմտյան մամուլում շրջանառվող լուրերին, ըստ որոնց՝ Ռուսաստանը պատրաստվում է փետրվարի 20-ին ներխուժել Ուկրաինա:

«Արևմտյան լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե, իբր, փետրվարի 20-ին Ռուսաստանը պատրաստվում է ներխուժել Ուկրաինա, ավելի շատ մեդիա իրականությունն է, քան այն, ինչ իրականում կա: Այս պահի դրությամբ այնպես չէ, թե պատերազմը սկսվում է, բայց չենք կարող ասել՝ ռազմական բախման վտանգ չկա: Վտանգը այն է, որ Ուկրաինայի իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, ինչպես նաև մեծ է դրսի ազդեցությունը: Բայց, որքան մեծ է պատերազմի սպասումը, սա էլ կարող է նպաստել, որ պատերազմ չլինի. Պուտինը չի սիրում անել այն, ինչ իրենից ակնկալում են: Բացառված չէ, որ ԱՄՆ-ն չի խառնվի այս լարվածությանը, ինչպես նաև՝ չի բացառվում, որ հնարավոր ռազմական գործողության դեպքում, Թուրքան մեր տարծաշրջանից կբացի երկրորդ ճակատ»,- ասաց Հրանտ Միքաելյանը:

Շրջանառվող լուրերը, ըստ որոնց՝ Ադրբեջանն այս գարնանը կլարի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, կապ ունե՞ն  Ռուսաստան-Արևմուտք լարվածության սրացման հետ: Քաղաքագետի կարծիքով՝ կա վտանգ, որ Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա. Ադրբեջանը չի էլ թաքցնում իր հավակնությունները՝ ՀՀ-ից պոկել նոր տարածքներ:

«Ասել՝ պատերազմը կլինի գարնանը, չենք կարող: Կլինի լարվածություն սահմանին, ինչպես նաև, եթե այս իշխանությունները պատրաստվում են ամեն ինչ զիջել Ադրբեջանին, ապա Ադրբեջանը ավելի քիչ արդարացում կունենա պատերազմը սկսելու համար: Պատերազմի վտանգը կարող է լինել, երբ ռուս սահմանապահների մանդատի ժամկետը կլրանա, հենց այդ ժամանակ պատերազմի վտանգը մեծ կլինի: Դրան դիմակայելու համար Հայաստանը պետք է պատրաստվի ոազմական և դիվանագիտական տեսանկյուններից: Այսօր այս երկու ուղություններով Հայաստանը չափազանց վատ է աշխատում»,- ասաց քաղաքագետը:

Ինչպիսի՞ դիրք կզբաղեցնեն Ռուսաստանը և Իրանը, եթե Ադրբեջանը փորձի հարձակվել Հայաստանի վրա. ըստ Հրանտ Միքաելյանի՝ դա կախված է այն քաղաքականությունից, որը կվարի Հայաստանը Ռուսաստանի և Իրանի ուղղությամբ:

 «Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են առաջ տանել իրեց հակահայ թեզերը: Իսկ ՀՀ-ն իր քաղաքականությունը սխալ ուղությամբ է տանում: Ռուսաստանը և Իրանն այս տարածաշրջանում ունեն իրենց շահերը, բայց այդ շահերը Հայաստանի շահերի հետ փոխկապակցված չէ: Գաղտնիք չէ՝ այս իշխանությունների օրակարգը այլ է: Այս իրավիճակում ասել, թե Ռուսաստանը կամ Իրանը կմիջամտեն այն ձևաչափով, որը ձեռնտու է Հայաստանին, ապա դա իրատեսական չէ: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային և Ադրբեջանին, ապա իրենք ասում են, որ, եթե Հայաստանը թշնամական քաղաքականություն չտաներ Թուրքիայի ուղղությամբ, ապա Թուրքիան Հայաստանի նկատմամբ կլիներ բարեհամբույր. ստացվում է՝ ոչ թե Թուրքիան և Ադրբեջանն են մեղավոր, այլ Հայաստանը: Այս թեզն առաջ են տանում նաև Ն. Փաշինյանը, Լ. Տեր-Պետրոսյանը և այլոք, բայց այս ամենը իրականությանը չի համապատասխանում: Պատերազմից հետո Թուրքիայում անցկացված սոցհարցումների արդյունքում՝ Հայաստանը Թուրքիայի թիվ մեկ թշնամին է: Որքան էլ Հայաստանը ուզի, չի դառնա Թուրքիային բարեկամ»,- եզրափակեց Հրանտ Միքաելյանը:

 

                                                                                         Լենա Կարապետյան