«Երազումս տեսել էի հարսանիքս ու Նրան». Անուշկա Մարգարյանը՝ աղի բլիթ ուտելու ավանդույթի ու իր հետաքրքիր երազների մասին


«Երազումս տեսել էի հարսանիքս ու Նրան». Անուշկա Մարգարյանը՝ աղի բլիթ ուտելու ավանդույթի ու իր հետաքրքիր երազների մասին
Փետրվար 12 16:56 2022

Դերասանուհի Անուշկա Մարգարյանն ամեն տարի՝ Սուրբ Սարգսի տոնի նախօրեին,  ուտում է աղի բլիթ՝ հույսով, որ երազում կտեսնի իր միակին, սակայն ասպետի փոխարեն Անուշկան այլ հետաքրքիր երազներ է տեսնում, որոնց մասին կիսվել է NEWS.am STYLE-ի հետ:

Անուշկան նշեց, որ այս տարի էլ բացառություն չի արել ու կերել է մայրիկի պատրաստա բլիթը.

«Երազումս տեսել եմ բարեկամներիս, որոնք եկել էին մեր տուն՝ ինձ հետ կապված ինչ-որ առիթի, թե ինչ էր կոնկրետ՝ չգիտեմ (ժպտում է): Սեղանին ջուր կար դրված, ինքս մի բաժակ լցրի ու խմեցի (ծիծաղում է): Ինչպես միշտ՝ հույսս ինձ վրա եմ դնում»,-ասում է դերասանուհին՝ այնուհետեւ հավելելով,-«Մի օր առաջ, սակայն, երազումս տեսել էի հարսանիքս ու Նրան»:

Դերասանուհին ասում է՝ ամեն տարի մեկի փոխարեն երկու անգամ է աղի բլիթ ուտում՝ ե´ւ Սուրբ Սարգսի, ե´ւ Սուրբ Վալենտինի տոներին: Նա հավելում է, որ դա իր համար զվարճալի խաղի պես մի բան է:

«Երկու տարի շարունակ, ի դեպ, երազումս նույն մարդուն էի տեսել, բայց համառորեն ինձ ջուր չէր տալիս»,-կատակում է դերասանուհին,-«Մտածում էի՝ եթե կրկին նրան տեսնեմ, կսպանեմ, որ էլ հնարավորություն չունենամ տեսնելու, բայց այս, տարի լավ է, երազիս չհայտնվեց (ծիծաղում է): Եղել է տարի, որ համակարգչային խաղից հայտնի Մարիոյին եմ տեսել երազումս, մի տարի էլ՝ փիղ. չգիտեմ՝ ինչ է նշանակում»:

Հարցին, որ տոնին է նախապատվությունը տալիս՝ Սուրբ Սարգսի՞ն, թե՞ Վալենտինին, դերասանուհին անկեղծորեն պատասխանեց, որ երկար տարիներ Սուրբ Վալենտինի օրն է ասոցացրել սիրո տոնի հետ, հիմա հավասարապես երկուսն էլ նշանավորում է. ինչպես ինքն է ասում՝ «Լավ է մեկի փոխարեն երկու սիրո տոն ունենալը»: